Ինչու՞ է Ադրբեջանը սրում իրավիճակը այն օրը, երբ Հայաստանի վարչապետը ելույթ է ունենալու ԱՄՆ նախագահի նախաձեռնած ժողովրդավարության վեհաժողովին․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկարեց, ցավոք սրտի:

Ինչու՞ է Ադրբեջանը սրում իրավիճակը դեկտեմբերի 10-ին, այսինքն այն օրը, երբ Հայաստանի վարչապետը ելույթ է ունենալու ԱՄՆ նախագահի նախաձեռնած ժողովրդավարության վեհաժողովին: Պետք է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Մոսկվան բավականին կոշտ արձագանքներ էր տվել այդ նախաձեռնությանը: Նկատենք սակայն, ինչը կարծում եմ երկրորդական չէ, որ ռուսները խուսափել են ուղիղ թիրախավորել Հայաստանի մասնակցությունը:

Օրինակ, «Լավրովի պլանի» վերաբերյալ ԱԺ նախագահի խոսքին արձագանքեցին անուղղակի պաշտոնական արձագանքով, բայց Հայաստանի մասնակցությանը՝ ոչ: Այս հանգամանքին պետք կլինի թերեւս առաջիկա օրերին անդրադառնալ առանձին դիտարկում-վարկածով:

Հիմա գանք Ադրբեջանի սրացմանը: Բարդ չէ կռահել, թե որն է լինելու այդ սրացմանն ու սադրանքին հայկական հասարակական-քաղաքական միջավայրում գերակշռող արձագանքը: Այո, սա Կրեմլի գործն է, որն Ադրբեջանի ձեռքով հարվածում է Բայդենի Վեհաժողովին մասնակցող Փաշինյանին:

Ինչ խոսք, չունենք այս վարկածը հաստատող կամ հերքող ստույգ փաստ: Այն պնդումները, թե Ադրբեջանը երբեք չի կրակի առանց ՌԴ համաձայնության, կներեք, բայց նշանակում են, որ չի պատկերացվում ներկայումս ուժերի լայն եւ ռեգիոնալ բալանսը: Լավ էլ կարող է կրակել, եթե խոսքը վերաբերում է ընդամենը սահմանային սադրանքներ հրահրելուն: Մի մոռացեք, Ադրբեջանն ունի Թոււրքիա:Բայց, էլի գամ նրան, որ Ռուսաստանը որեւէ կերպ հասցեական չի թիրախավորել Հայաստանի մասնակցությունը, իսկ սա էական է: Իհարկե ներողամիտ եղեք, եթե սխալվում եմ, բայց ես այս ընթացքում չեմ տեսել այդպիսի թիրախավորում: Իսկ Ադրբեջանը արդեն մի քանի շաբաթ փորձում է Հայաստանի որոշումը՝ Վեհաժողովին մասնակցելու, մատուցել իբրեւ հակառուսական քաղաքականության ակտ:

Ընդ որում, դա փորձում են անել նաեւ Ռուսաստանում իրենց հետ կապված մեդիա-քաղաքական-փորձագիտական շրջանակների միջոցով: Ահա այս համատեքստում, հենց դեկտեմբերի 10-ին սրվում է իրավիճակը սահմանին, թերեւս լավ հաշվարկելով, թե ինչ ռեակցիա պետք է լինի հայաստանյան հասարակական-քաղաքական-փորձագիտական միջավայրում: Իհարկե առանձնապես մեծ հարցեր չեն լուծում դրանով, բայց աշխատում են միանգամայն համակարգված: Դրա համար են պարբերաբար նշում, որ մենք պետք է կարողանանք ձեւավորել բազմակողմ հանրային արձագանքների մեխանիզմ՝ «Проделки Фикса» բանաձեւի փոխարեն, որ մեզանով խաղալը չլինի այդքան հեշտ՝ թե մեր ներսի վրա խաղալը, թե դրսում մեր դեմ խաղալը:

Որովհետեւ մենք այդ բանաձեւի մասին խոսելուց զատ, դրա դեմ գործուն այլ մեխանիզմներ չունենք: Եվ հետեւաբար, անընդհատ նույն բանաձեւով մեր արձագանքի քաղաքական էֆեկտիվությունը մոտ է գրեթե զրոյի, եթե նույնիսկ ամբողջապես իրականություն է: Այդ իրականությունը փոխելու հնարավորությունը հասարակական-քաղաքական բազմաշերտ եւ բարդ, կամ այսպես ասած՝ «ոչ պարզ» եւ մեկին-մեկ կանխատեսելի արձագանքների համակարգի գալն է: Բայց, դա իհարկե դժվար է: Իսկապես դժվար բան է: Ավելի հեշտ է այն, ինչը նախորդ գրառումներից մեկում էի արտահայտել. «սա չես ասում՝ ռսաստրուկ ես», նա էս ասում՝ «թուրք» ես»: