Սեպտեմբերի 1-ից Яндекс տաքսի ծառայության հաճախորդների տվյալները հասանելի կլինեն Ռուսաստանի հատուկ ծառայություններին. «Ազատություն»

Ֆինլանդիայի և Նորվեգիայի հանրային ծառայությունների կարգավորիչ մարմինները ռուսական Яндекс ընկերության տաքսի ծառայությանն արգելել են իրենց հաճախորդների անձնական որևէ տվյալի փոխանցում Ռուսաստանի հատուկ ծառայություններին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

«Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության գործակալությանը (DPA) տեղեկացվել է, որ Ռուսաստանի օրենսդրությունում սեպտեմբերի սկզբին նախատեսված փոփոխությունը Անվտանգության դաշնային ծառայությանը իրավունք կտա ստանալու Яндекс-ի հաճախորդների անձնական տվյալները», – ասել է ֆիննական գործակալությունը։

Яндекс -ը արձագանքելով Նորվեգիայի և Ֆինլադիայի պահանջներին, ասել է, որ ուսումնասիրում է դրանք, հավաստիացնելով, որ հաճախորդների տվյալների մշակումը համապատասխանում է Եվրամիության օրենսդրությանը և Եվրոպական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգային։

Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Яндекс-ի տաքսի ծառայության Yango և Yandex Go հավելվածները Ռուսաստանից դուրս գործում են շուրջ երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Հավելվածն ունենալու դեպքում որևէ խնդիր չկա որտեղ եք տաքսի պատվիրում՝ Ղազախստանում, Իսրայելում, թե Հայաստանում կամ Վրաստանում։ Բայց տվյալները մի տեղ են հավաքվում՝ Ռուսաստանում։

Տաքսի ծառայության բոլոր տվյալների բազան գտնվում է Ռուսաստանում։ Ֆիզիկական և լոգիստիկ որևէ տարանջատում չկա, որ ռուսական մասի տվյալները պահվեն Ռուսաստանում, իսկ միջազգային մասի տվյալները դրսում։ Մի ժամանակ Ֆինլանդիայում ևս Яндекс-ը տվյալների բազա ուներ, բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից այն չի գործում, ռուսները դադարեցրել էին այդ բազայում տվյալների մշակումը առաջին հերթին պաշտպանելով իրնեց քաղաքացիների անձնական տվյալները, որոնք կարող էին Արևմուտքի համար հետաքրքրություն ներկայացրել։ Իսկ Яндекс-ի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցների հետո այդ կենտրոնը հոսանքազրկվել է։

Բոլոր տվյալները հավաքում են Ռուսաստանում և մշակվում երեք կենտրոններում, որոնք գտնվում են Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի մարզերում, ևս մեկ կենտրոն կառուցվում է Կալուգայում։ Ընդ որում՝ բոլոր տվյալները կրկնօրինակված են, որպեսզի եթե կենտրոններից մեկում ինչ-որ խափանում լինի, ապա նույն տվյալները հասանելի լինեն մյուս կենտրոններից։

Սեպտեմբերի 1-ից ФСБ-ի համար Яндекс-ի հաճախորդների անձնական տվյալների ինֆորմացիան կարող է շուրջօրյա հասանելի լինել, առանց լրացուցիչ հարցումների ու խնդրանքների։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը արդեն ստորագրել է համապատասխան որոշումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ինֆորմացիայի տարածման ռեեստրում ընդգրկված ընկերությունների տվյալները շուրջօրյա հասանելի են լինելու ФСБ-ին։ Իսկ Яндекс-ի տաքսի ծառայությունը այդ ռեեստրում ընդգրկվել է ռուս – ուկրաինական պատերազմի նախաշեմին։

Яндекс-ի հաճախորդների անձնական տվյալները ФСБ-ում հայտնվելու հեռանկարին անդրադարձել է «Մեդուզա» պորտալը, որի հրապարակումից հետո Яндекс-ը տեղեկացրել է, որ տվյալները կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ կատարվել է տաքսի ծառայության պատվերը, տեղական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն։ Սեպտեմբերի 1-ից այդ տրամաբանությունը չի փոխվի, հավաստիացրել են նրանք։

Սակայն խնդիրը ոչ թե իրավապահների պահանջով տրամադրվող ինֆորմացիայի, այլ տվյալները ФСБ-ի համար հասանելի դարձնելու Ռուսաստանի իշխանությունների որոշման մասին է։

ФСБ-ին հասանելի կլինի Яндекс-ի տաքսի ծառայությունից օգտվողների տեխնիկական ու անձնական տվյալները, մասնավորապես՝ IP համարը, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյալները, նույնիսկ մեկնաբանությունները, թե ինչ է գրել հաճախորդը ու հասցեն՝ ուր է նա գնացել։

Яндекс-ի տեխնոլոգիաների գծով նախկին տնօրեն Գրիգորի Բակունովը «Մեդուզա»-ին ասել է, որ ФСБ-ի կողմից տվյալների հասանելիությունը ռիսկեր է պարունակում մասնավորապես պատերազմի պատճառով երկրից հեռացած ռուսաստանցիների համար։

«Բազաները պարունակում են Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և այլ վայրերի տաքսի ծառայությունների տվյալները, որտեղ ռուսները հեռացել են պատերազմից հետո։ Ես կասեի սա ավելի զգալի սպառնալիք է, քան Ֆինլանդիայի, Նորվեգիայի կամ Ալժիրի տվյալների հասանելիությունը»,- «Մեդուզա»-ի հետ զրույցում նշել է նա։

Երեք տարի առաջ Яндекс-ը առաջին անգամ հրապարակեց իշխանություններին տրամադրած ինֆորմացիայի վիճակագրությունը։ Այն ժամանակ ինֆորմացիան տրամադրում էր իրավապահների հարցումները բավարարելու դեպքում։ Ոստիկանությունը Яндекс-ից տեղեկատվություն էր պահանջել նաև լրագրող Իվան Գոլունովի դեմ գործ սարքելու ժամանակ։ Իրավապահներին 100 հասցե էր տրամադրվել, որտեղ Գոլունովը տաքսի էր պատվիրել։ Ոստիկանությունը այդ ինֆորմացիայով պարզել էր՝ ուր է նա գնացել, որտեղ է բնակվել, արտասահմանյան ինչ երկրներ է մեկնել։

Դեռ 2018 թվականին Լիտվայի պաշտպանության նախարարությանը կից կիբերանվտանգության ազգային կենտրոնը հայտարարել էր, որ Яндекс-ի հավելվածները տվյալները փոխանցում է Ռուսաստան։ Իսկ Լատվիան 2022-ի գարնանը արգելել է Яндекс-ի տաքսի ծառայության գործունեությունն իր տարածքում։