«Փոփոխությունները հերթական իմիտացիան են, քանի որ համակարգն այնպիսին է, որ փոփոխություն անել հնարավոր չէ»․ Վերլուծաբաններ

«Փոփոխությունները հերթական իմիտացիան են, քանի որ համակարգն այնպիսին է, որ փոփոխություն անել հնարավոր չէ»․ Վերլուծաբաններ
«Փոփոխությունները հերթական իմիտացիան են, քանի որ համակարգն այնպիսին է, որ փոփոխություն անել հնարավոր չէ»․ Վերլուծաբաններ

Կառավարությունում սկիզբ առած փոփոխությունները հերթական իմիտացիան են, քանի որ համակարգն այնպիսին է, որ փոփոխություն անել հնարավոր չէ: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով կառավարության կազմի փոփոխությանը:

«Այսինքն՝ փոփոխություն ի՞նչ է նշանակում: Մեր տնտեսության զարգացման համար երկու հիմնական խնդիր կա՝ մենաշնորհները և տնտեսական ու քաղաքական դաշտում ռուսական ուղղավածությունը: Այդ երկուսն էլ այնպիսի գործոններ են, որոնց կառավարությունը չի կարող ձեռք տալ: Մենաշնորհներին եթե ձեռք տա, քաղաքական համակարգը կքանդվի, եթե փոխվի արտաքին քաղաքական կողմնորոշումը, կրկին կքանդվի»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Նա նկատում է, որ տնտեսությունում մենաշնորհների վերացումը, ինչի մասին կառվարությունը մի քանի ամիս է, ինչ խոսում է, հնարավոր չէ ապահովել, քանի որ մենաշնորհները հենց այս համակարգի հիմքն են:

«Չկա մենաշնորհ, չկա քաղաքական այս համակարգը, հետևաբար այդ քայլին չեն գնա, քանի որ սա ինքնասպան ռեժիմ չէ»,֊ասում է նա:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նոր կառավարության ձևավորումը սկիզբ դրվեց մի քանի առանցքային նախարարների փոփոխությամբ:

Իրենց պաշտոնից հեռացվել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրայնը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սպասվում են նոր փոփոխություններ: Նոր նշանակված նախարարների մեծ մասը նախկինում կառավարությունում չեն աշխատել, և ինչպես նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն է հայտարարել, նրանցից համարձակ քայլեր է ակնկալում՝ տնտեսությունը վերակենդանացնելու համար:

Աղասի Ենոքյանը կարծում է, որ այս փուլում այս փոփոխության նապատակն ընդամենը մեկն է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ փորձել մաքրել իշխող ՀՀԿ-ի դեմքը, որպեսզի ՀՀԿ-ն մի փոքր ժողովրդի աջակցությունն ունենա: Ընտրություններից հետո նախկին վիճակն է լինելու: Նախորդ տարիներին էլ Սերժ Սարգսյանը խոշորին գլխից բռնելու ու փոփոխություններ անելու հանձրարականներ էր տվել, բայց հանրությունն այդպես էլ արդյունք չտեսավ:

«Մենք բոլորս գիտենք՝ ովքեր են այդ խոշորները, տեսնում ենք, որ նրանց ձեռք չեն տալիս և չեն կարող ձեռք տալ»,- ասում է Ենոքյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջ ակնհայտորեն խնդիր է դրված համակարգում փոքրիշատե լավացնել կառավարման որակը, որպեսզի հանրային դժգոհությունները մեղմվեն:

«Դրա հետ կապված ինքն ունի որոշակի կոնցեպցիա, որն այժմ իրականացնում է և որի վերաբերյալ ակնհայտորեն ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Դա իրականացնում են, եթե անգամ դա պահանջի զոհաբերել նախորդ կառավարության կազմից որոշ կարկառուն պաշտոնյաների, օրինակ, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին և այլն: Սկսած Հովիկ Աբրահամյանից, վերջացրած այս նախարարներով, նրանց վատ իմիջն արդեն իսկ անվստահություն էր առաջացնում հանրության մոտ: Այժմ կարծես թե Կարեն Կարապետյանը նման խնդիր ունի իր առջև դրված»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Միաժամանակ նա նշում է, որ լայն առումով թերահավատ է այս գործողությունների հաջողության հարցում: Խաղի այս կանոնների պարագայում, ըստ Սաֆարյանի, անգամ այդ փոքրիկ խնդիրը լուծել հնարավոր չէ, երբ խոշոր առումով համակարգն ինքն արատավոր է և արատի վրա կառուցված:

Փոփոխությունների ֆոնին Կարեն Կարապետյանը նախարարներին օրեր առաջ հորդորել էր «պրիմիտիվ գողությունը»: Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ վարչապետն անհաջող ձևակերպում է տվել, որը հենգնանքի է արժանացել հանրության կողմից, այսինքն՝ խոշոր գողություն արեք:

«Բայց պետք է արձանագրենք, որ առաջին անգամ է, երբ վարչապետը կառավարությանը բացահայտ մեղադրում է գողության մեջ: Սա թերևս ուշադրությունից չպետք է վրիպի: Նախկինում, երբ միշտ խոսվում էր գողության մասին, ասում էին՝ փաստեր ունեք, ներկայացրեք, Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ եթե կոռուպցիայի մասին փաստեր ունեք, գրեք Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստին: Նախկին կառավարությունները երբեք չեն խոստավանել, որ գողություն կա: Այժմ սա, որքան էլ խամրել է այդ պրիմիտիվ բառի կողքին, այնուամենայնիվ բավականին աննախադեպ հայտարարություն է վարչապետի կողմից, որ նախորդ կառավարությունը կամ հանդուրժող է եղել այդ գողության հանդեպ, կամ էլ մասնակից է եղել այդ գողությանը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ընդհանուր առմամբ, վերլուծաբանի խոսքով, կառավարության այս փոփոխությունների նպատակը հետևյալն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կա հասարակության դժգոհությունը մեղմելու մեծ հրամայական ու նպատակ:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունն այնքան միամիտ է, որ մտածի, թե պարզապես խոսքերով կարող է հասարակությանը կերակրել: Ի վերջո, մի քանի ամիս հետո հասարակությունն արդյունք է ուզելու, իրենք պետք է արդյունք ցույց տան: Իշխանությունն ու Սերժ Սարգսյանը գիտակցում են դա և առնվազն այս պահին կտան այդ ազատությունը վարչապետին՝ բռնելու որոշ պրիմիտիվ գողերի»,- ասում է Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am