«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, զինվորական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, զինված ուժերի գլխավոր շտաբը, ըստ էության, երկար ժամանակ է՝ չունի ղեկավար, հետևաբար վերակազմավորումներ, վերաձևավորումներ չեն իրականացվում, ռազմավարություն չի մշակվում, ինչը պատերազմից հետո անհրաժեշտ էր համարվում ԶՈՒ-ի համար: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
– Այո՛, ճիշտ եք, գլխավոր շտաբը պետ չունի, ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում, այո՛, որոշակի ժամանակահատված հետո իրավունքի ուժով Արտակ Դավթյանը կսկսի ղեկավարել ԳՇ-ն:
Համաձայն եմ, բնականաբար պատերազմից հետո ստեղծվել է շատ ծանր իրավիճակ, և մեր պաշտպանական համակարգը ամբողջությամբ խաթարվել է: Ամբողջ պաշտպանական համակարգի վերանայման ռազմավարություն է պետք ընդունել, որը պետք է պայմանավորված լինի ստեղծված իրավիճակով:
Խնդրում եմ նկատի ունեցեք, որ հայ-ադրբեջանական սահմանային բնագիծն է փոփոխվել, սահմաններն ավելի մեծ ծավալ են ստացել՝ իր հետևանքներով, իսկ դա նշանակում է, որ մենք զինված ուժերի համալրման խնդիր ունենք՝ և՛ անձնակազմի, և՛ տեխնիկական, և՛ բոլոր առումներով:
Ավելին, մենք զինված ուժերը վերազինելու, վերակազմավորելու խնդիր ունենք ու պետք է ստեղծենք մարտունակ, մոբիլ և մրցունակ բանակ:
Համաձայն եմ, որ բանակի վերակազմակերպման համար պետք է լուրջ ջանքեր ներդնել, առավել ևս այն դեպքում, երբ պատերազմը, ըստ էության, չի ավարտվել, Ադրբեջանի ղեկավարի ցինիկ վարքագիծը հուշում է, որ լարվածության թոթափման մասին դեռևս վաղ է խոսել:
– Նման պայմաններում, ձեր կարծիքով՝ նախագահը չի՞ դիմադրում ԳՇ պետի նշանակման հարցում: Ընդհանուր առմամբ, ո՞ւմ մեղքով է ստեղծված իրավիճակը:
– Նախ՝ չեմ կարծում, թե նախագահը դիմադրում է, նա իր հայեցողական լիազորություններն է իրականացնում: Այլ խնդիր է, որ որոշ շրջանակների կողմից դա այլ կերպ է որակվում:
Վարչապետն էլ իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները: Դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում՝ բոլորիս մեղքն է ստեղծված իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը: Բայց ակնհայտ է, որ բոլոր երկրներում, իսկ Հայաստանը բացառություն չէ, նման դեպքերում պատասխանատուն իշխանությունն է:
Օրվա իշխանությունն է պատասխանատվություն կրում երկրում ընթացող բոլոր գործընթացների համար:
Պատերազմին հաջորդող չորս ամիսների ընթացքում հնարավոր էր իրականացնել այնպիսի կոնկրետ, տեսանելի, շոշափելի քայլեր, որոնք կնպաստեին խորացող քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, մյուս կողմից՝ ռեալ խնդիրներ կդրվեին բանակի առջև՝ բանակի վերազինման համար:
Դրան հասնելը շատ պարզ էր՝ հանրության, քաղաքական տարբեր ուժերի, հոսանքների միջև կարելի էր սկսել քաղաքական կոնսուլտացիաներ հանդուրժողականության մթնոլորտում: Բայց տեսնում ենք, որ կան խորքային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել, այլև տեսանելի ապագայում էլ այդ մտայնության, տրամադրության պահպանման դեպքում դժվար լուծվեն:
– Դուք հանդուրժողականության մթնոլորտի մասին եք խոսում, բայց իրականում իշխանությունը չի երկխոսում հրապարակի ընդդիմության հետ, մյուս կողմից էլ՝ հրապարակի ընդդիմությունն է ապստամբության, կայծակնային արագությամբ շենքեր գրավելու ու հեղաշրջման կոչեր անում: Այս պարագայում ինչպե՞ս եք տեսնում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում:
– Շատ կարևոր բաներ եք ասում: Դրա համար պետությունը պետք է գործի, օրենքը պետք է աշխատի, երբ մի տեղ հակաօրինական բան է կատարվում, իշխանության, պետության խնդիրն է կանխել ու պատժել:
Եթե այդ ամենը չի արվում, ուրեմն կարող ենք արձանագրել, որ անիշխանության տարրեր կան Հայաստանում: Երբ օրենքը չի գործում, դա լուրջ խնդիր է: Ես անիշխանության վտանգ եմ տեսնում, որը պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով: Իշխանությունը ծառայողական մեքենան չէ, գործավարուհին չէ, վարչական շենքը չէ, իշխանությունը օրենքի կիրառումն է:
Երբ օրենքը չես կիրառում, մարդն իրեն անպաշտպան է զգում, մարդն իրեն վտանգված է զգում, ի հետևանք՝ անիշխանության տրամադրություն է ձևավորվում հանրային գիտակցության մեջ:
– Կոնյունկտուրա ասելով ի՞նչ նկատի ունեիք:
– Կոնյունկտուրան քաղաքական շահի համատեքստում եմ գնահատում: Ես հիմա հռետորական հարցադրումներ եմ անում. ե՞րբ պետք է հանգուցալուծվի այս քաղաքական ճգնաժամը, ինչո՞վ պետք է հանգուցալուծվի, ո՞վ պետք է նախաձեռնի, ո՞վ պետք է օրակարգը թելադրող լինի:
Իմ պատկերացրած երկրում, ցանկացած պարագայում քաղաքական օրակարգը թելադրողը պետք է լինի իշխանությունը, որ պահից ընդդիմությունը սկսեց թելադրել օրակարգ, այդ պահից իշխանությունը պետք է հեռանա:
Հիմա եթե օրակարգ թելադրողը իշխանությունն է, ինքն էլ պետք է հանգուցալուծողը լինի: Չորս-հինգ ամիս է՝ չեն կողմնորոշվում՝ անտեր խորհրդարանական ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ: Եղբա՛յր, կողմնորոշվե՛ք, ճանապարհային քարտե՛զ ներկայացրեք, մարդիկ էլ կողմնորոշվեն: Այդ անորոշությունը նաև սպանիչ մթնոլորտ է ձևավորում տնտեսության առումով՝ բազմաթիվ ներդրողներ սպասողական վիճակում են, որ տեսնեն՝ ինչպե՛ս է հանգուցալուծվում այս հարցը:
– Դուք ակնարկում եք, որ իշխանությանը ձեռնտո՞ւ է հրապարակում կանգնած այդ ընդդիմությունը:
– Այս ընդդիմության գոյության մեղավորը այս իշխանությունն է: Եթե այս իշխանությունը ժամանակին աշխատեր, իրավապահ համակարգը կարգի բերեր, այսօրվա ընդդիմություն խաղացողներից շատերը ոչ թե քաղաքականությամբ կզբաղվեին, այլ ամեն ջանք կգործադրեին իրենց պատասխանատվության չափը մեղմացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում նախկին քաղաքական հանցագործները վխտում են ազատության մեջ: Հիմա ո՞վ է մեղավոր: Լրագրողնե՞րը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am