Շոյգուն հայտարարել է, որ ռուսական 201-րդ ռազմաբազան Տաջիկստանին օգնություն կցուցաբերի սպառնալիքի դեպքում

Ռուսական 201-րդ ռազմաբազան Տաջիկստանին ռազմական օգնություն կցուցաբերի, եթե այդ երկրի անվտանգությունը վտանգի տակ լինի Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, մենք առանց ուշադրության չենք թողնում սահմանին տեղի ունեցողն ու զինյալների՝ Տաջիկստանի տարածք տեղափոխվելու փորձերը։ Դրա հետ կապված, միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցի՝ ՀԱՊԿ անդամի նկատմամբ առաջացած սպառնալիքի դեպքում, իհարկե, Ռուսաստանը կարձագանքի, և առաջին հերթին կարձագանքի Տաջիկստանի տարածքում գտնվող 201-րդ ռազմաբազան»,- ասել է Շոյգուն լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է, որ 201-րդ բազան դրա համար էլ գոյություն ունի, որ պահպանի կայունությունն ու հանգստությունն այդ տարածաշրջանում։

Շոյգուն նաև ասել է, որ ռուս զինվորականները գրանցում են «Իսլամական պետության» զինյալների տեղափոխում Աֆղանստանի տարածք տարբեր երկրներից, այդ թվում՝ Սիրիայից ու Լիբիայից։

«Մենք հուսով ենք, որ Աֆղանստանում ինչ-որ կոնսենսուս ձեռք կբերվի և կլինի ազգամիջյան հաշտեցում։ Դրա հետ մեկտեղ, մենք տեսնում ենք՝ ինչ ակտիվությամբ են տեղափոխվում, տեղաշարժվում այնտեղ տարբեր շրջաններից, այդ թվում՝ Սիրիայից ու Լիբիայից «Իսլամական պետության» ստորաբաժանումները։ Որոշ մասերում նկատում ենք այդ տեղաշարժերի բավական լուրջ կազմակերպվածություն»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Աղբյուր՝ Factor.am