Վարչապետն անդրադարձավ «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից օդային տարածքը թռիչքների համար փակելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից օդային տարածքը Հայաստանի թռչքների համար փակելուն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի կառուցումն անգամ ուշացած էր: «Մենք այս տնտեսական թվացյալ ինտեգրման կամ ապաշրջափակման նպատակով ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,-հարցրեց  Ավետիսյանը:

Վարչապետն այս հարցի կոնտեքստում անդրադարձավ հայրենասիրության մոդելին:

«Այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն  ազդում: Օրինակ՝ մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել: Այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ: Այնպես չէ, որ միայն Արևմտյան ուղղությունից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա հավելեց. «Մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած: Եվ այդ ռազմավարական ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու և ռեֆլեքսիայի ենթարկվելու»:

Անդրադառնալով պատգմավորի դիտարկմանը, որ այդ արձանն անգամ ուշացարած էր՝ վարչապետը հարցրեց, թե, օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր և ի՞նչ կշահեր Հայաստանը: 

Իսկ, թե ինչո՞ւ է արձանը տեղադրվել՝ վարչապետը պատասխանեց՝ մի պարզ պատճառով. «Այդ նախաձեռնությունները եղել են 2020թ դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում: Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս ըստ էության առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք…»:

Նա շեշտեց՝ կա խնդիր և դա Հայաստանի խնդիրն է,և նրանք, որոնք Հայաստանի ճանապարհները փակում են, ընդհանրապես ոչ մի խնդիր չունեն, եթե անգամ ունեն, ապա այդքան խորը չեն: