Ֆրանս-իրանցի գրող, նկարիչ և կինոռեժիսոր Մարջան Սատրապին, որը համաշխարհային ճանաչում էր ստացել «Պերսեպոլիս» գրաֆիկական վեպով և դրա էկրանավորմամբ, մահացել է 56 տարեկանում, գրում է Far Out-ը։ Սատրապին մահացել է 2026 թվականի հունիսի 3-ին։
Նրա մերձավորների տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Սատրապին «մահացել է տխրությունից»՝ ամուսնու՝ շվեդ պրոդյուսեր, դերասան և սցենարիստ Մատիաս Ռիպայի մահից մեկ տարուց փոքր-ինչ ավելի անց։ Ռիպան մահացել էր 2025 թվականի ապրիլի 8-ին։ Զույգն ամուսնացած էր 1996 թվականից։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը Սատրապիի մահվան կապակցությամբ հայտարարել է, որ նրա հեռանալը ֆրանսիական մշակույթի համար մեծ կորուստ է՝ նրան անվանելով ազատասեր արվեստագետ, որի ստեղծագործությունն ուներ համամարդկային ուղերձ և արժանացել էր միջազգային մեծ ճանաչման։
Սատրապին ծնվել էր Իրանում, իսկ Ֆրանսիա էր տեղափոխվել 1994 թվականին։ 2006-ին նա ստացել էր Ֆրանսիայի քաղաքացիություն։ Իր ողջ կյանքի ընթացքում Սատրապին եղել է Իրանի թեոկրատական իշխանության բացահայտ քննադատներից։
Նրա ամենահայտնի գործը՝ «Պերսեպոլիս»-ը, պատմում է Սատրապիի մանկության և պատանեկության մասին Թեհրանում՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ղեկավարության սահմանած սահմանափակումների պայմաններում։ Հետագայում ծնողները նրան ուղարկել էին Եվրոպա, որտեղ սկսվել էր նրա աքսորի կյանքը։
Սատրապին հայտնի էր նաև իր ֆեմինիստական դիրքորոշումներով։ Նա 2007 թվականին Variety-ին ասել էր․ «Ես եկել եմ մի երկրից, որտեղ կինը տղամարդու կեսն արժե։ Ես երբեք չեմ մտածել, որ մեկ ոտք պակաս ունեմ միայն այն պատճառով, որ կին եմ»։
2025 թվականին Սատրապին հրաժարվել էր Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանից՝ քննադատելով Ֆրանսիայի իշխանությունների «կեղծավորությունը» Իրանի հետ հարաբերություններում։ Նա հատկապես դեմ էր Ֆրանսիայի վիզային քաղաքականությանը, որը, ըստ նրա, խանգարում էր Իրանի այլախոհներին ապաստան գտնել Ֆրանսիայում։
Թեև Սատրապին առավել հայտնի էր իր անձնական պատմության վրա հիմնված գործերով, նա նաև նկարահանել էր «Ռադիոակտիվ» ֆիլմը՝ Նոբելյան մրցանակակիր Մարի Կյուրիի մասին։ Նրա վերջին ռեժիսորական աշխատանքը ֆրանսիական սև կատակերգություն «Dear Paris»-ն էր՝ Մոնիկա Բելուչիի և Բեն Օլդրիջի մասնակցությամբ։
Սատրապիի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հնչել կինոյի, գրականության և իրավապաշտպան ոլորտներից։ Իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիի հիմնադրամը Սատրապիին անվանել է ֆեմինիզմի, մարդու իրավունքների և ազատության անվախ ձայն։ StudioCanal-ն էլ նշել է, որ «Պերսեպոլիս»-ի միջոցով Սատրապին հանդիսատեսին նվիրեց ինքնության, ազատության, աքսորի և դիմադրության մասին խորապես անձնական և հզոր պատմություն։



















