2018-ին Վանեցյանի՝ իշխանության մաս կազմելը պատահական չէր, այժմ էլ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է․ քաղաքագետը՝ Վանեցյան-ՀՀԿ դաշինքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհհանիսյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Սպասելի՞ էր նման դաշինքի ձևավորումը, իրականում ի՞նչն է միավորել քաղաքական այս ուժերին։

– ՀՀԿ-ն ունի կոնկրետ տեր, այն վաղուց անձնավորված կուսակցություն է՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Այնտեղ մնացել են միայն մարդիկ, որոնք անձամբ հավատարիմ են Սերժ Սարգսյանին և իր ընտանիքին ու ընտանեկան շահերին։ Վանեցյանի կուսակցության մուտքն այդ դաշինք ցույց է տալիս, որ նա ֆինանսական, կազմակերպչական և ինչ-ինչ կապերով կցված է Սերժ Սարգսյանին։ Սա Սերժ Սարգսյանի անձնական դաշինքն է։

– Իսկ, ձեր ասած՝ այս անձնական դաշինքը ի՞նչ կարող է տալ քաղաքական այդ ուժերին, անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր ունե՞ն։

– Այս կարգի ուժերն աշխատելու են հաղթահարել անցողիկ շեմը, և, երբ պարզ լինի, որ որևէ ուժ միայնակ չի կարող կառավարություն կազմել, գործող օրենսդրությամբ, սկսվելու են բանակցություններ՝ կոալիցիոն կառավարություն կազմելու համար, որտեղ էլ կարող է այս դաշինքը որոշակի դեր խաղալ՝ միանալով կողմերից մեկին։

– Ինչո՞ւ Արթուր Վանեցյանը դաշինք կազմեց Սերժ Սարգսյանի, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ, բացի ձեր նշած պատճառներից՝ ուրիշ ի՛նչը կարող էր միավորել նրանց։

– Դեռ 2018 թվականի անցումային իրավիճակներից, կարծում եմ, պարզ էր, թե ինչ պայմանավորվածություններ, իշխանության տրանզիտի ինչ պայմաններ են դրվել։ Վանեցյանի և մի քանիսի՝ իշխանության մաս կազմելը կապված է եղել հենց այդ պայմանավորվածությունների հետ։ Եվ այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է լիներ։

– Այս դաշինքը ի՞նչ հնարավոր ազդեցություն կամ հետևանքներ կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի համար։

– Այս ուժերը մրցելու են միևնույն ընտրազանգվածի ձայները ստանալու համար, այսինքն՝ այն ընտրազանգվածի, որը կարծում է, թե 2018 թվականի իրադարձությունները սխալ էին, և պետք է այդ ամենը հետ շրջել։ Այդ ընտրազանգվածը կա, որը քիչ չէ։

– Այս համատեքստում՝ կխնդրեմ մեկնաբանեք Միքայել Մինասյանի վերջին գրառումը։ Որքանո՞վ է անկեղծ Մինասյանը, ինչո՞ւ իրականում չի մասնակցում նախընտրական գործընթացներին։

– Ընդհանրապես ազնիվ չէ, կարծում եմ, նա ցանկություն ուներ մասնակցելու, պարզապես ռեսուրսների բաշխումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները խանգարեցին նրան։ Մինասյանն ուզում է իր անձնական հանգամանքներ ծախել հանրության վրա՝ որպես մեծ բան, բայց իրականությունն այն է, որ չի կարողացել՝ չի մասնակցել։ Մինասյանը իր ունեցած ռեսուրսներով, բնականաբար, օժանդակելու է այս դաշինքին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am