Իշխանական պատվիրակության անդամը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի

Իշխանական պատվիրակության անդամը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի
Իշխանական պատվիրակության անդամը հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության նպատակով կազմավորված իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Գագիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «երկխոսության գործընթացը պետք է հաջողվի»։
«Պետք է ստեղծել բոլոր հնարավորություները, որպեսզի կասեցված գործընթացը վերսկսվի։ Հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կվերագնահատի իր գործողությունները եւ կվերսկսի երկխոսությունը»,- հայտարարել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության 6-րդ հանդիպումից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը առկախել է իր մասնակցությունը երկխոսությանը. առկախման պատճառն այն էր, որ օգոստոսի 9-ին ոստիկանների եւ ընդդիմադիր երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված 7 երիտասարդներից մեկը շարունակում է մնալ կալանավայրում: Իսկ ընդդիմությունն էլ հայտարարել է, թե քաղբանտարկյալների առկայության պայմաններում երկխոսություն լինել չի կարող:

Առայժմ պարզ չէ, թե առկախված երկխոսությունն ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ իշխանական պատվիրակության անդամները պնդում են, թե իրենք Կոնգրեսի ակտիվիստի ազատ արձակմանը նպաստելու որեւէ խոստում չեմ տվել ընդդիմությանը:

Գագիկ Մինասյանը նշել է նաեւ, թե եթե Կոնգրեսն, այնուամենայնիվ, որոշի չշարունակել առկախված գործընթացը, ապա «ակնհայտ կդառնա», որ այն ցանկանում է գնալ ցնցումների եւ «ապակառուցողականության ճանապարհով, բացի այդ զգալիորեն կհիասթափեցնի իրեն հավատարիմ մարդկանց»։

© Medialab.am