Այս ծրագրերին մասնակցած թուրք մասնագետները Ցեղասպանության մասին ոչ թե որպես փաստ են խոսում, այլ իրենց կրթական միջավայրում դասավանդում են Ցեղասպանության պատմությունը․ Պատգամավորի արձագանքը

Ազգայն ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է կայքերից մեկում չորս առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին և իր ֆեյսբուքյան էջում գրել․

Երկու օր առաջ yerkir.am կայքում լույս տեսած հոդվածից տեղեկացա, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչը լրամշակող փորձագիտական խումբը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Լիլիթ Մկրտչյանը։ Սակայն հոդվածի նպատակը բնավ ինձ այդ մասին տեղեկացնելը չէր, այլ Լիլիթ Մկրտչյանին մեղադրելը «Թուրքիայի կողմից ուղղորդվող խոշոր դրամական միջոցների» դիմաց չափորոշիչներում «թուրքական հայեցակարգ ներմուծելու» և «պետական և ազգային դավաճանության» մեջ։ Ցը՛մփ։

Այս մեղադրանքները հյուսվել են հետևյալ փաստական հանգամանքներից։ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է իմ նախկին աշխատավայր հանդիսացող «Կոնֆլիկտների վերափոխման «Իմեջին» կենտրոնի» ծրագրերին։ «Իմեջին» կենտրոնը, որտեղ ես աշխատել եմ 2011-2018 թվականներին, զբաղվում է տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմամբ, ինչպես և գրված է Ազգային ժողովի կայքում ինձ վերաբերող էջում։ Կենտրոնը մասնավորապես զբաղվում է Հարավային Կովկասից և Թուրքիայից մասնագետների՝ հիմնականում լրագրողների, վերլուծաբանների, պատմությամբ զբաղվող գիտնականների, դասախոսների և ուսուցիչների մասնագիտական ցանցեր ստեղծելով։

2013-2018 թվականներին մի քանի անգամ ես, Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև այլ մասնագետներ մեկնել ենք Ստամբուլ այնտեղի մասնագետների հետ համատեղ քննարկումների, և հակառակը՝ մի քանի անգամ նրանք են եկել Երևան՝ համատեղ քննարկումների։ Այդ ծրագրերի ընթացքում 2014 թվականին գրվել է «Հարավային Կովկասում պատմության դասավանդման և դասագրքերի պատրաստման խնդիրներ և հեռանկարներ» գիրքը, 2017 թվականին գրվել է «Պատմության ուսուցումը Հայաստանի և Թուրքիայի դպրոցներում․ Քննադատություն և այլընտրանքի առաջարկներ» գիրքը, իսկ 2018-ին էլ գրվել են մոդելային դասեր։ Այս ծրագրերը կապ չեն ունեցել և ոչ մի երկրի կառավարության հետ, դրանք քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ են, դրանցում ընդգրկված կազակերպությունները՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։

Իսկ հիմա կարևորի մասին․

Այս ծրագրերին մասնակցած Թուրքիայից մասնագետները Ցեղասպանության մասին ոչ թե պարզապես որպես փաստ են խոսում, այլ իրենց կրթական միջավայրերում դասավանդում են Ցեղասպանության պատմությունը, գրում գրքեր և հոդվածներ Ցեղասպանության մասին։ Հիշում եմ՝ քննարկումներից մեկի ժամանակ, երբ ինչ-որ մեկը տվեց՝ արդյո՞ք թեկուզ տեսականորեն կարելի է քննարկել «դա ցեղասպանությո՞ւն էր, թե ոչ» հարցը, Թուրքիայից մեր գործընկերներից մեկը շատ նեղվեց և ասաց, որ այդ հարցը գոյության իրավունք չունի թեկուզ տեսական քննարկման շրջանակներում։

Գուցե հարկ է նաև նշել, որ Թուրքիայից դասախոսների և գիտնականների հետ մի քանի անգամ գնացել ենք Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան։ Գուցե հարկ է նշել, որ Թուրքիայից ուսուցիչներից մեկը պոլսահայ էր։ Գուցե հարկ է նշել, որ Թուրքիայից մեր գործընկերները մեզ ուղեկցում էին Ստամբուլի հայ եկեղեցիներ այցելության և Ակօս թերթ՝ հարցազրույց տալու։

Ստամբուլում հանդիպումներից մեկի ժամանակ Թուրքիայից դասախոսները շատ ընկճված էին, բայց մեր քննարկումներին շատ պատրաստակամ։ Այդ օրերին նրանց և նրանց գործընկերներից շատերի նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք էր սկսվել։ Եթե հիշում եք, 2016 թվականին Թուրքիայում և այլ երկրներում գտնվող երկու հազարից ավել գիտնականներ ստորագրել էին «Խաղաղության հանրագիրը», որը քրդերի հետ կոնֆլիկտի ոչ բռնի լուծում էր պահանջում Թուրքիայի կառավարությունից։ Այդ ժամանակից ի վեր Հանրագիրը ստորագրած և չստորագրած հազարավոր գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ ազատվել են իրենց աշխատանքից, հարյուրավորները դատապարտվել են բանտարկության, մի մասը լքել են երկիրը։

Կարծում եմ՝ yerkir.am-ի հոդվածագիրը պետք է մտածի, թե ինչո՞ւ է, որ ինչպես Թայիփ Էրդողանը հալածում է Թուրքիայի գիտնականներին, դասախոսներին և ուսուցիչներին՝ մեղադրելով նրանց «ազգային և պետական դավաճանության» մեջ, այդպես էլ ինքը իր ձեռքից եկածն է անում հայաստանյան կրթական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ՝ մի հոդված տպելով։ Ամոթ է, գոնե Հրանտ Դինքի հիմնադրամի անունը չտայիք։
#InVinoVeritas
#ԳինիԼից

Երկու օր առաջ yerkir.am կայքում լույս տեսած հոդվածից տեղեկացա, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության…

Posted by Maria Karapetyan on Saturday, August 1, 2020