Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ ախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի։ Կողմերն արժևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասով։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալած գործունեությունը և հայտնեց կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարը մեծապես կարևորեց համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովումը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Առանձնահատուկ նշվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման կարևորությունը խաղաղ գործընթացների արդյունավետ ծավալման գործում։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն