Որո՞նք են Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության երկրներում ամենասուր կոռուպցիոն երեւույթները

Որո՞նք են Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության երկրներում ամենասուր կոռուպցիոն երեւույթները
Որո՞նք են Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության երկրներում ամենասուր կոռուպցիոն երեւույթները

2015-ի հուլիսին Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած զեկույցը՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5 երկրներում կոռուպցիոն վիճակի վերաբերյալ, ներկայացնում է մի քանի կարևորագույն խնդիր, որոնք առկա են բոլոր երկրներում:

Նման տարածաշրջանային ուսումնասիրություն առաջին անգամ է իրականացվում Թրանսփարենսի ինթեներշլի կողմից: Այն (բացառությամբ Բելառուսի) վերաբերում է Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ևՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը: 

«Կոռուպցիոն տեսնակյունից խնդիրները 5 երկրներում վերաբերում են գործադիր իշխանության նկատմամբ զսպման և հավասարակշռման անբավարար լինելուն,, քաղաքականացված և անարդյունավետ համակարգի առկայությունը և քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումներին: Քաղաքացիական հասարակության առումով հիմնական շեշտը դրված էր Ադրբեջանի վրա, քանի որ Հայաստանում և մյուս երկրներում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է»,- նշեց Հոկտանյանը` հավելելով, որ սա օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն է:

Նա նշեց, որ ըստ զեկույցի, որոշ առանձնահատկություններ կան յուրաքանչյուր երկրի համար:

 «Վրաստանի պարագայում նշվել է, որ խորհրդարանական վերահսկողության առումով այս երկրի օրենսդիր մարմինը թույլ է: Կոնկրետ` Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հարցերին Վրաստանի կառավարությունը, որպես կանոն, չի պատասխանել»,-ընդգծեց Հոկտանյանը:

 Քննարկման մասնակից Մարատ Ատովմյանն ասաց, որ 2014 թ-ին կոռուպցիայի չափման համաթվով 174 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը:

«Իսկ այս զեկույցում նշվում է, որ Հայաստանի համար հիմնական խնդիր է օլիգարխների առկայությունը, ստվերային տնտեսությունը, ինչպես նաև հովանավորչության հետ կապված խնդիրները,-ասաց Ատովմյանը,-Մասնավորապես, Հայաստանի բնակչության 82 տոկոսը հավատում է, որ հանրային հատվածում կոռուպցիան շատ լուրջ հիմնախնդիր է, և ընդամենը 21 տոկոսն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում: Ինչպես նաև նշվում է, որ այդքան էլ հաշվետու և թափանցիկ  չէ ինչպես քաղաքական դաշտը, այնպես էլ բիզնես միջավայրը: Իսկ դատական իշխանության հետ կապված զեկույցում նշվում է, որ բնակչության 70 տոկոսը համարում է, որ այն անկախ չէ գործադիր իշխանությունից»,-նշեց Ատովմյանը:

Նա հավելեց, որ ըստ զեկույցի,  հարկային դաշտը բարենպաստ չէ քաղաքացիական հասարակության զարգացման համար: 

Անդրադառնալով Կառավարության կողմից այս տարի ստեղծված հակակոռուպվցիոն խորհրդին՝  նա նկատեց, որ դա այդքան էլ արդյունավետ միջոց չէ կոռուպցիայի դեմ պայքարում:

«Վաղուց ժամանակն է, որ Հայաստանում լուրջ և  անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծվի: Եվ կոռուպցիայի դեմ պայքարը միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը չէ, այլ հակառուպցիոն դաստիարակությունը, կոռուպցիոն սխեմաների վերհանումն ու հետևողական աշխատանքը»,-հավելեց Ատովմյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր

http://www.youtube.com/watch?v=7js236rvzUg