Վիճակագրությունն ընդդեմ բանակում որդի կորցրած մայրերի վշտի. Վարչապետը վրիպում է

Մհեր Արշակյան

Բանակում զոհերի պատմական մինիմումի մասին Նիկոլ Փաշինյանի ստատուսը էթիկական լուրջ վրիպում է։ Չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի, որ վարչապետը նման բան գրի։ 

Վարչապետն արձանագրել է, որ «մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»։ Ապագայի զինակոչիկի մոր տեսանկյունից տեղեկությունը ոչ միայն էթիկապես ճիշտ է, նույնիսկ ողջունելի է։ 

Երկիրն ապրում է ապագայի տեսլականներով։ Վարչապետն արձանագրել է, որ պետությունը դառնում է այնպիսին, որ խաղաղ ժամանակ բանակը հայ զինվորի համար դադարում է լինել «մսաղաց»։ 

Այսինքն՝ հա՛յ մայրեր, ձեր որդիներն օր օրի ավելի ապահով բանակում են ծառայում և ծառայելու, դադարե՛ք բանակն ընկալել ռիսկային գոտի, մենք նրանց հայրն ենք ձեր փեշից հեռու։ Այսինքն՝ մենք ունենում ենք այն բանակը, որի մասին երազում էինք տասնյակ տարիներ։ 

Ստատուսի սկզբում վարչապետը փաստում է, որ «յուրաքանչյուր քաղաքացու կյանքն անգին է, կորուստն՝ անամոքելի»։ Այսինքն՝ իր համար ապահովագրել է նաև էթիկական այն բացթողումը, որ կարող է տարածվել բոլոր այն մայրերի վրա, որոնք մնացին առանց որդու։ 

Սակայն փոքրիկ խնդիր կա։ 

Նման ստատուս վարչապետն իրավունք չունի գրելու հենց թեկուզ այն պատճառով, որ գոնե մեկ զոհ ունեցել ես, գոնե մեկ որդեկորույս մայր դա կարդում է։ Այդ մոր տեսանկյունից դու՝ վարչապետդ, հպարտանալու թեմա ես դարձրել անուղղելիի, իր ողբերգության մեջ անբացատրելի մահերը։ 

Ոչ մի մայր չի ուզում, որ բանակից հող դարձած իր որդին «շոյի» վիճակագրությունը։ 

Լավ է, շատ լավ է, որ ողբացող մայրերի թիվն անցյալ տարի չի ավելացել, բացառված չէ, որ «Սերժի ժամանակ» կարող էր ավելի շատ լինել, բայց հլը էդ նվաճմանը նայիր էն հարազատների տեսանկյունից, որոնք իրենց սպանված որդու մարմինը թողեցին տանն ու դուրս եկան ճանապարհ փակելու, որովհետև մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ ունեցող զինվորի մահը քննիչները մեկ ժամում որակեցին ինքնասպանություն։ 

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ այս մարդիկ կունենային մահվան պատճառների պատասխանը, Նիկոլ Փաշինյանը պետք է զգույշ լինի ուրախանալու առիթների մեջ։ 

Բանակը ՀՆԱ չէ, մի քիչ ավելի կենդանի մարդիկ են այնտեղ մեռնում։ Այդ վարչապետի համար է մեռած մեկ զինվորը մեկ հոգի, բոլորի համար է մեկ հոգի, որոնք այդ զինվորի հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Բայց հլը հարազատի տեսանկյունից նայիր, տես՝ մեկ հոգի՞ է այդ տղան, որն այլևս իր ժառանգը չի ունենալու։ 

Վարչապետը չպետք է նման բան գրի հենց թեկուզ այն պատճառով, որ անցյալ տարվա մահերի պատճառները՝ բեսպրեդել, անձնական ողբերգություն, սպայի անհավասարակշիռ վարք, որևէ կերպ չեն կարող տարածվել ծառայության մեջ գտնվող իր որդու վրա, որովհետև ո՞վ ռիսկ կաներ վարչապետի որդու հետ վարվել նույն կերպ, ինչպես վարվեց այն 49 զոհի հետ, որոնք մահացան ծառայության հետևանքով։ 

Վարչապետը պետք է գտնի համապատասխան բառերը, քանի դեռ իրարից չի տարանջատել զինվորի ինքնասպանությունը սպանությունից։ Ընդհանրապես ողբերգությունների վրա կառուցած վիճակագրությունները դաժան բան են։ 

Հասկանալի է, որ վարչապետը միայն հայր չէ, նա նաև նվաճումներ ստեղծող և փաստող է։ Նա փաստել է նաև այս մեկը։ Ինչպես, օրինակ, այն, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք անցել ենք Վրաստանին և կանցնենք Ադրբեջանին։ 

Վարչապետը պետք է զգույշ լինի, որովհետև այդ մահերը կապ ունեն հենց ծառայության հետ, զինվորների մեծ մասը սպանվել է։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ դու արձանագրում ես, թե ինչքան զինծառայող չի սպանվել, սպանվածի մոր աչքի առաջ են այն դահիճների դեմքերը (մայրն այդ դեմքերը վերծանում է), որոնց հետևողական դաժանության մեջ անպատժելի լինելու զգացումը կա։

Մհեր Արշակյան
MediaLab.am

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 10. Januar 2020