Ժողովուրդը ստիպված կլինի նախևառաջ լուծել Նիկոլ Փաշինյանի խնդիրը՝ ունենալով էքզիստենցիալ, ռազմական սպառնալիքներ. Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից հետո ի՞նչ հետևություններ պետք է անի հայկական կողմը:

– Կարևոր էր այն, որ մենք Արցախի հարցը կարողացանք մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հասցնել, սա բավականին մեծ նվաճում է: Երկրորդ՝ բոլորի համար հասկանալի դարձավ, որ հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե հումանիտար, որը հայկական կողմը ներկայացրեց, այլ քաղաքական, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական, որովհետև Անվտանգության խորհրդի բոլոր մասնակիցները խոսում էին քաղաքականության, տարածաշրջանային խնդիրների ու այլնի մասին: Հումանիտար խնդիրները դիտվում են որպես հետևանք քաղաքական խնդիրների, որոնք կան տարածաշրջանում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: 

Հայկական կողմը պետք է հետ կանգնի այն անընդունելի մոտեցումից, թե Արցախի խնդիրը միայն հումանիտար է, հայկական դիվանագիտությունը պետք է Նիկոլ Փաշինյանի անձնական այդ որոշումը մի կողմ թողնի, որովհետև դա փակուղի է: 

Այդ նիստում ինձ համար հետաքրքիր էր այն, որ անդամ բոլոր երկրները խոսում էին այն պարտավորությունների մասին, որոնք կողմերը ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ սա հնարավորություն է տալիս Հայաստանին խոսել այն մասին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարում իրենց պարտավորությունները, ու դրանից հետո դիմել միջազգային հանրությանը, ուժային կենտրոններին, որ ձևավորվի նոր ձևաչափ, որովհետև այս ձևաչափը չի աշխատում: 

Շատերը խոսեցին նաև Մինսկի խմբի մասին, որ լուծումները պետք է այնտեղ գտնել, բայց Մինսկի խումբը ստեղծված է Արցախի միջազգային կարգավիճակի որոշման համար, այսինքն՝ մեծ մասը խոսեց այն մասին, որ Մինսկի խումբը պետք է վերականգնվի: Որ կա Արցախի հայության անվտանգության խնդիր՝ բոլորը շեշտում են, որը ժխտում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան, բայց ՄԱԿ-ի ԱԽ-ի մեծ մասը խոսեց այն մասին, որ այդ խնդիրը կա, իսկ սա մեզ հնարավորություն է տալիս: 

Եթե անգամ Մինսկի խումբն այսօր հնարավոր չէ վերականգնել, որովհետև Ռուսաստանի՝ որպես ռազմական հանցագործի դերը փոխվել է, ապա դա նշանակում է, որ ուղղակի ձևաչափը պետք է փոխվի, Արցախի միջազգային կարգավիճակի խնդիրը պետք է վերականգնվի, ու հայկական դիվանագիտությունը պարտավոր է աշխատել այդ ուղղությամբ: 

– Իսկ հայկական դիվանագիտությունը կկարողանա՞:

– Դե, արդեն մեծ պայքար է սկսվում, բայց շատերը պատրաստ են խոսելու Մինսկի խմբի վերականգնման մասին, դրան դեմ են Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը: Հայկական դիվանագիտությունը հնարավորություն ու անհրաժեշտություն ունի այս ուղղությամբ աշխատելու: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու մոտեցումները չեն համապատասխանում միջազգային իրականությանը ու հայկական շահերին, պետք է հրաժարվել այդ լուծումներից կամ գտնել այլ լուծումներ՝ առանց Նիկոլ Փաշինյանի: Ցավոք սրտի, մենք մոտենում ենք նման զարգացումների: 

– Իսկ առանց Նիկոլ Փաշինյանի լուծումներ գտնել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Արզումանյան:

– Գործող իշխանությունները պատրաստ չեն վերականգնելու իրենց հնարավորություններն ու պարտավորությունները Արցախի նկատմամբ, ինչն էլ բերում է նրան, որ մենք պետք է մտածենք իշխանության փոփոխության մասին: Նիկոլ Փաշինյանն առաջին ու վերջին իշխանությունը չէ Հայաստանում, մենք հրաժեշտ ենք տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ու եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում զբաղվել Արցախի հարցով, ժամանակն է, որ հրաժեշտ տա իշխանությանը, ու մենք մտածենք, թե ո՛ւմ ենք ընտրում, ով պատրաստ կլինի ավելի լավ ներկայացնելու ազգային շահը: 

Չպետք է մտածել, թե Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է, ինչպես մեզ փորձում են համոզել նախկին նախագահները: Ունենալով էքզիստենցիալ, ռազմական սպառնալիքներ՝ հայ ժողովուրդը ստիպված կլինի նախևառաջ լուծել Նիկոլ Փաշինյանի խնդիրը:

– Ձեր խոսքից ճի՞շտ հասկացա, որ Հայաստանի նախկին նախագահները հայ հասարակությանը համոզում են, թե Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է: 

– Չէ՛, տարածում են մոտեցումը, որ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա, մենք երեք տարի է՝ դրա մեջ ենք ապրում: Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, չի նշանակում, թե պետք է նախկինները գան: Այդ հին խաղը, որ խաղում էին նախկիններն ու Նիկոլ Փաշինյանը հիմա, պետք է միասին հետ գնան: Բոլորի համար հասկանալի է, որ նախկիններից ոչ մեկը չի կարող ստանձնել Արցախի լուծման հարցը, որովհետև իրենք 30 տարում չեն կարողացել հարցի լուծումը տալ: 

Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, հետևանք է նրա, ինչ արել են Հայաստանի նախկին երեք նախագահները: Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն ռազմավարությունը, որը ձևավորվել է Տեր-Պետրոսյանի օրոք՝ 94 թվականին: Հայաստանի ու Արցախի նախկին բոլոր առաջնորդները տապալել են իրենց պարտականությունները, ու բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ: Նիկոլ Փաշինյանը նույնպես նախկին իշխանություն է դարձել, նա շարունակում է այն ռազմավարությունը, որը տարել են նախկին նախագահները: 

Արցախի ու Հայաստանի ազգային շահերի սպասարկման հարցում, ցավոք սրտի, մեր բոլոր առաջնորդները հավասար են, ունեն մեղքեր, բոլորը տապալել են իրենց առաջ դրված հարցերի լուծումները, հետևաբար պետք է մտածել նոր հասարակական ուժերի մասին, որոնք պատրաստ են հավաքելու ազգային շահերին հետամուտ մարդկանց: Այսօր ձևավորված քաղաքական բոլոր ուժերն այդ խնդիրները չեն կարող լուծել, ու մենք պարտավոր ենք մտածել նոր ուժերի մասին, նոր կառավարության մասին, որը պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ տեխնոկրատ մոտեցմամբ, երբ պրոֆեսիոնալներին հավաքում են ու ձևավորում ժամանակավոր կառավարություն, որը սկսում է լուծել առկա խնդիրները: 

– Այսինքն՝ մեր առաջնային խնդիրն այսօր դա՞ է:

– Դառնում է այդ, ցավոք սրտի: ՄԱԿ-ի ԱԽ նիստը ցույց տվեց, որ մեր հիմնական խնդիրներից մեկը մեր իշխանություններն են, որովհետև Հայաստանի իշխանությունները չեն ուզում զբաղվել ազգային խնդիրների լուծմամբ, խնդիրները փոքրացնում են: Մեր եղած խնդիրների լուծումը ստիպում է մեզ մտածել նաև իշխանափոխության մասին, եթե Նիկոլ Փաշինյանը հետ չկանգնի իր քաղաքականությունից, ինչին խիստ կասկածում եմ: 

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքերից մեկն այն է, որ ինքը մեզ գցում է խնդիրների մեջ՝ Արցախի հարցը դարձնելով հումանիտար, նա քաղաքական մեծ սխալ գործեց, որին պետք է հաջորդի կա՛մ հրաժարականը, կա՛մ սխալի ուղղումը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am