«Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնի հարց չենք քննարկել, այլ խոսել ենք երկրի առջև ծառացած մարտահրավերներից». Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մտադրության մասին: Այսօր արդեն ձեզ հետ է հանդիպել, ի՞նչ սպասելիքներ կան այդ առումով, ի վերջո, ի՞նչ Հայաստան ենք ունենալու:

– Այո՛, վարչապետի նախաձեռնությամբ և վերջինիս հրավերով այսօր պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել: Կարծում եմ՝ կառավարության մամուլի ծառայությունն այդ մասին նույնպես կիրազեկի: Ես ինքս անհրաժեշտ համարեցի այդ հանդիպման մասին առաջինը տեղեկացնել հանրությանը:

Մենք քննարկել ենք նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացները: Ես ներկայացրել եմ «Արդար Հայաստանի» մոտեցումները երկրում ստեղծված իրավիճակի, պետական կառուցակարգերի բարելավման, հանրային ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ընդհանրապես մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում բեկման անհրաժեշտության մասին:

Ես ներկայացրել եմ, որ մեր երկրում խորքային փոփոխություններ են պետք, որ մենք գտնում ենք որակապես այլ իրավիճակում, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի գործունեություն, որն ուղղակի կնպաստի մեր երկրում իրավիճակի դրական առումով փոփոխությանը:

Արդյոք ձեզ գործադիր իշխանությունում աշխատանքի առաջարկ արվե՞լ է, արդյոք նման համագործակցությունը ձեզ համար ընդունելի՞ է:

-Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ այդպիսի քննարկում, խոսակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի չեն ունեցել: Ես վեր եմ այդ հարթությունից և որպես «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնակատարի հետ քննարկել եմ առավել գլոբալ խնդիրներ, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Ես արձանագրել եմ այդ խնդիրները, ես փաստել եմ, որ երկիրը կանգնած է համակարգային փոփոխությունների շեմին, այդ թվում` ընդգծել եմ պետական բոլոր ինստիտուտների բարեփոխման, դատաիրավական համակարգի արմատական փոփոխության անհրաժեշտությունը:

Կոռուպցիայից ենք խոսել, օրինականության գործընթացի վերականգնման մասին ենք խոսել: Ընդհանուր առմամբ, որակապես այլ պետության մասին, ապագա Հայաստանի մեր պատկերացումների մասին ենք խոսել:

-Իսկ համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում:

-Դուք ընդհանրական հարց եք տալիս, ես չգիտեմ՝ այդ համագործակցությունն ինչ է նշանակում: Կլինի խնդիր, դրա վերաբերյալ տեսակետ կունենանք՝ կարտահայտենք, չենք ունենա՝ չենք արտահայտի:

Ես չեմ կարող ասել՝ հանգամանքներն ինչի կբերեն: Մի բան ակնհայտ է, որ մենք այս որակի քննարկում չենք ունեցել, մենք ընդհանրապես քննարկում ենք Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները: Մնացածն այնքան երկրորդական հարցեր են և չեմ կարծում, որ դրանց պետք է հիմա անդրադառնանք: Կոնկրետ թեմա կլինի, կոնկրետ կքննարկենք:

– Նախօրեին վարչապետը Հանրապետության հրապարակում նաև քաղաքական ուժերին կոչ արեց մի կողմ դնել հայհոյանքները: Կունենա՞ ազդեցություն այս հայտարարությունը՝ հաշվի առնելով այն, որ կլինեն քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարան անցածները, որոնք այդպես էլ չեն ընդունի համագործակցության այս կոչը:

– Ընդհանրապես, ես՝ որպես քաղաքականության մեջ նոր հայտ ներկայացրած անձ, ինքս համարում եմ, որ հայհոյախոսությունը, քաղաքական ցածրարժեք բանավեճը որևէ լավ բան չեն բերելու մեր երկրին, չեն նպաստելու քաղաքական դաշտի առողջացմանը, չեն նպաստելու քաղաքական միջավայրի բարելավմանը:

Ես մշտապես զերծ եմ մնացել այդ տոնայնությամբ, այդ շեշտադրումներով հանդես գալուց և ինքս իմ օրինակով ի ցույց եմ դնելու, որ քաղաքականության մեջ պարտադիր չէ, որ սկզբունքայնություն դրսևորելը կամ քաղաքական որակ ցույց տալը պայմանավորված լինի դիմացինին հայհոյելով:

Մենք կարող ենք ունենալ արմատական տարաձայնություններ, բայց դա չդրսևորվի հայհոյանքով, այլ քաղաքակիրթ բանավեճի, քաղաքակիրթ դիսկուրսի արդյունքում:

Ընդհանուր առմամբ, ողջունելի կլինի, եթե մենք կարողանանք իսկապես նոր որակ ստեղծել: Թե ով ինչպես կարձագանքի այդ կոչին, ես չեմ կարող ասել:

Ես ինքս ինձ վրա չեմ վերցրել էդ կոչը, որովհետև երբեք հայհոյախոսությամբ չեմ զբաղվել, չեմ պատրաստվում դրանով զբաղվել, որովհետև խորապես վստահ եմ, որ քաղաքական դաշտում քաղաքական մտքի բանավեճ պետք է լինի, ոչ թե տղայական հարթության վրա ինչ-որ հարցերի պարզաբանում:

Ինչպե՞ս եք գնահատում, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մտադիր են դիմել ՍԴ և վիճարկել ընտրությունների արդյունքները: Որքանո՞վ դա կարող է արդյունավետ լինել՝ հաշվի առնելով, որ խախտումներ շատ քիչ են արձանագրվել:

– Ընտրական օրենսգիրքը հստակ տալիս է ընտրախախտումների բնույթը, դրանց արձանագրման և կազմման ընթացակարգերը:

Դիմելն իրենց իրավունքն է, թող դիմեն, բայց պետք է այնպիսի հարուստ հիմք լինի, որը հնարավորություն կտա կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքը և անվավեր ճանաչելու այն: Ես պարզապես սպասում եմ, թե ի՛նչ բովանդակությամբ դիմում կներկայացնեն, ո՛րն է լինելու դիմումի առարկան և պահանջը:

Տեսնենք, թե ինչ փաստեր կներկայացվեն, որոնց հնարավորություն կունենանք ավելի ուշ անդրադառնալու: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում յուրաքանչյուրի՝ դատական ատյաններ դիմելու իրավունքը պետք է պաշտպանվի: Թող դիմեն, կտեսնենք, թե որքանո՛վ է այն հիմնավոր: Եթե հիմնավոր չի լինի, կսպասենք, թե ՍԴ-ն ի՛նչ որոշում է կայացնում:

Մանե Հարությունյան

MediaLab.am