Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. թիրախում քաղաքացիական անձինք են

Մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը, գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում Թաղավարդ գյուղի բնակիչներ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը գյուղի վարչական տարածքի Կնյազանց կալ կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս են եղել, երբ ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։