Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի ականատես Արթուր Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձել են օգնել Գազել մակնիշի մեքենայում գտնող ուղևորներին, բայց կրակն ուժեղ է եղել, չեն կարողացել մոտենալ։
Ըստ նրա՝ վթարից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, բայց մեծ պայթյուն չի եղել Գազելում։ «Փոքր տրաքոցներ էին, ուղղակի մեքենան միանգամից բռնկվեց, և ոչ մի բան չհասցրինք անենք»,- ասաց նա։
Ըստ ականատեսի՝ ինքը փորձել է փրկել երիտասարդ աղջկա, բայց չի կարողացել։ «Ես էն պահին հասա, որ տեսա աղջիկը կախված էր մեջքով, ուզում էի հանեի, բայց չկարեցա, բոցը տվեց վրես, վախեցա։ Ես անձամբ տեսել եմ 4-5 հոգի զոհ: Տեսա, որ Գազելի վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել, չէր կարողացել: Իմ աչքի առաջ վառվում էին, մոխրանում էին մարդիկ»,- ասաց ականատգեսը։
Հիշեցնենք, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Զոդի կամրջի վրա, այսօր տեղի է ունեցել խոշոր վթար, բախվել են երեք մեքենա, հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյակներով՝ զոհվել է վեց, վիրավորվել 11 մարդ։