Ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել, և ցավալի է, բայց պատկան մարմինները կարծես ինչ-որ բան են ցանկանում կոծկել․ Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Հայաստանում վերջերս ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք գրանցվեց, որի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։ Ձեր կարծիքով՝ դա ինչի՞ հետևանք էր։

– Այո՛, նույն ժամանակահատվածում, բայց, ըստ պաշտոնական տվյալների՝ միմյանց հետ կապ չունեցող մահվան ելքերով թունավորման դեպքերը վերջին շրջանի աղմկոտ իրադարձություններից էին և հետևանք էին պատկան մարմինների անգործության։

Թունավորման դեպքերը գրանցվեցին Կոտայքում, Երևանում և Արմավիրում։ Եթե Արմավիրի դեպքում ինչ-որ մեկը ապօրինի շրջանառության շրջանակում իր տանը պատրաստած ապրանքն է վաճառել մարդկանց, որը դարձել էր մահվան պատճառ, ապա Երևանի և մնացած դեպքերի մասին պատկան կառույցները լռում են, որևէ տեղեկություն չեն տալիս։

Հարց է առաջանում՝ այս մարդիկ այդ բժշկական սպիրտը որտեղի՞ց են գնել, ապօրինի շրջանառություն ունեցո՞ղ սպիրտ է, թե՞ դեղատանը վաճառվող, եթե դեղատանը վաճառվող բժշկական սպիրտ է, ապա շշալցված է, ո՞ր ընկերությունն է շշալցել։ Բնականաբար, հարց է առաջանում՝ սպիրտը ներմուծվա՞ծ է, թե՞ տեղական արտադրության։

Սրանք այն նվազագույն հարցերն էին, որոնք նախաքննությանը չէին կարող խանգարել, ու անհրաժեշտ էր, որ դրանց պատասխանները հանրությունը ստանար։ Մենք տեսանք՝ նախաքննական մարմինը Արմավիրի պարագայում հայտարարեց ու կոչ արեց մարդկանց Աշոտ Հովսեփյանից ձեռք բերած խմիչքը չօգտագործել, բայց մյուս դեպքերում կառույցները լռում են։

Ի՞նչ սպիրտ է, ինչո՞ւ է թաքցվում դրա ծագումնաբանությունը՝ տարակուսելի է։ Ցավալի է, բայց կարծես պատկան կառույցները ցանկանում են ինչ-որ բան կոծկել։ 

– Դուք ասում եք՝ պատկան կառույցների անգործության հետևանք էր կատարվածը, ո՞ր կառույցը որտեղ է թերացել։

– Համակարգերի անգործության և բացակայության հետևանք էր, որովհետև շղթաներում միայն կամքը բավարար չէ խնդիրը լուծելու համար և անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում։

Արմավիրի պարագայում հասկացանք՝ Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է, իսկ էլ ո՞վ է պատասխանատու կատարվածի համար, որպեսզի մենք՝ որպես հանրություն, հասկանանք՝ ով ինչ գործ պետք է աներ, որ չի արել։

Աշոտ Հովսեփյանի դեպքում ապօրինի շրջանառություն էր, որը պետք է վերահսկեին ոստիկանությունը և Պետական եկամուտների կոմիտեն, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ գործ ունենք սննդամթերքի անվտանգության հետ, և Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը կասեր, որ ապօրինի գործունեություն ծավալող տնտեսվարողին իրենք չեն կարող ստուգել։

Եթե պետությունը ունենար ներդրած համակարգ, հնարավոր կլիներ ուսումնասիրել ու պարզել, որ մարդիկ ձեռք են բերում խմիչք, որի նկատմամբ հսկողություն չի իրականացվում։

Այսպիսով, իմ եզրակացությամբ՝ կատարվածը համակարգի բացակայության և առկա ռեսուրսի ոչ ամբողջական ներգրավման հետևանք էր, որովհետև, կրկնում եմ՝ տարիներ շարունակ Աշոտն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Օրինակ՝ Երևանում, Կոտայքում թունավորման դեպքի հետ կապված մենք որևէ հստակ տեղեկություն չունենք, ինչո՞ւ չի ասվում։

Եթե գործարանային արտադրանք է, ու եթե անգամ պատկան կառույցները գնացել ու դեղատներից առգրավել, հավաքել են այդ արտադրանքը, ապա ինչո՞ւ չի ասվում հանրությանը այդ մասին։ 

– Մեզ հայտնեցին լաբորատոր փորձաքննության արդյունքները, որի համաձայն՝ սպիրտի մեջ եղել է մեթանոլ․․․

– Լաբորատոր փորձաքննության արդյունքները կարող էին չհայտարարել, որովհետև դա մեզ ոչինչ չէր տալու, դա ուղղակի արվեց նրա համար, որ ասեին՝ տեսեք, մենք կանք։

Նորից եմ կրկնում՝ առանցքային հարցեր, որոնք պետք է իրականում վկայեին այդ մարմինների լինելու մասին, մնացել են անպատասխան։ Ումի՞ց է ձեռք բերել Աշոտը սպիրտը, այդ մարդու մոտ որտեղի՞ց է հայտնվել այդ սպիրտը, դա՞ էլ էր ապօրինի շրջանառվում, թե՞ ոչ, բայց կար խնդիր։ Ի վերջո, Արմավիրը հասկացանք, այլ տեղեր էլ կային մահվան դեպքեր, ու դրանց պատճառները մենք մինչև հիմա չգիտենք։

Պատկան կառույցները մի քանի հաղորդագրություն տարածեցին՝ տպավորություն ստեղծելով, թե իբր աշխատանք է կատարվում, բայց աշխատանքը իմ բարձրացրած հարցերի պատասխանները կարող է լինել։

– Շատերը բարձրացնում են հրաժարականի անհրաժեշտության հարցը․ 17 մահ և ոչ մի հրաժարական։ Դուք ի՞նչ կասեք։

– Ես այդ դաշտ չեմ ուզում մտնել, որովհետև ինձ համար կարևորը պատասխանատվության ինստիտուտն է։

Գործադիրը թող ներքին քննություն իրականացնի ու պարզի՝ ինչ է կատարվել, և որ օղակը որտեղ է թերացել։ Բայց այն, որ այսօր աշխատանք ամբողջ ծավալով չի կատարվում, ակնհայտ է, և ինձնից հասնում է այդ մասին բարձրաձայնել։

Սպասենք և տեսնենք՝ գործադիրը պատշաճ ազդակ կտա՞ այն մարմիններին անել այն, ինչ պետք է անեին ժամանակին, որովհետև դեղատները ստուգողը մի մարմին է, խանութը ստուգողը՝ մեկ ալ մարմին, իսկ ապօրինի շրջանառության դեմ լրիվ այլ մարմին է աշխատում։

Առնվազն պետք է հասկանալ՝ ում հրաժարականը և ինչու։ Բայց այն, որ մարդասիրական նորմեր ընդունած երկրում 17 մահվան դեպքից հետո ինչ-որ մեկը պատասխանատվություն պետք է կրի, միանշանակ է, այլ կարծիք լինել չի կարող։

Նաև քաղաքական, վարչական պատասխանատվության պետք է ենթարկել պատասխանատու պաշտոնյաներին, նրանք առնվազն պետք է գիշերը չքնեն հասկանալու՝ իրենց պատասխանատվությունը կա՞, թե՞ ոչ։ Բայց այս բոլոր պատասխանատվություններից զատ կա նաև բարոյական պատասխանատվության հարց՝ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am