Միջնորդները իրենց արբանյակներով կարող են հեշտորեն ստուգել՝ ո՛ր կողմը խախտեց հրադադարը, ու դրա համար սանկցիաներ կիրառել. Թեւան Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում պատերազմական վիճակում Հայաստանում քաղաքական իրավիճակը մենք տեսանք՝ օրերս նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը պահանջել էր կառավարության հրաժարականը։ 

– Մենք պատերազմի մեջ ենք, և այս պատերազմը մենք պետք է հաղթենք՝ մեր առաջ մեծ ու հեռահար նպատակներ դնելով։ Այս քաղաքական իրավիճակից ելնելով ես հասկանում եմ, որ ցանկացած մտահոգ հայ կարող է իր տեսակետը արտահայտել։ Մեզ պետք չէ մերժել կամ ընդունել, մեզ պետք է միասնական քննարկել ու միասնական որոշումներ ընդունել։ Չէ՞ որ մեր միասնականությունն է անվտանգության ու հաղթանակի գրավականը։ 

– Քննարկումներ եղան, և մի ստվար հատված դա համարեց դավաճանական քայլ․․․

– Այո՛, մի հատվածն էլ կողմ էր։ Դրա համար դեռ վաղուց ես ասում էի՝ Հայաստանում պետք է ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որի շուրջ կքննարկվեին գաղափարներ։ 

Կարելի է մեխանիզմներ ներդնել, միասին նստել, քննարկել այդ գաղափարները, որի արդյունքում կընդունվեն ռացիոնալ ու Հայաստանի շահից բխող առաջարկներ։ Որևէ մեկի առաջարկները չեն կարող լինել Հայաստանը չսիրելուց։ 

Ցանկացած հայ սիրում է Հայաստանը և մտահոգվում է Հայաստանի մասին, որ կողմն էլ լինի։ Պետք է իրար լսելու, իրար հանդուրժելու ունակ լինենք։ Կա՞ն կարծիքներ, չեք ընդունում, պարզապես անցեք, գնացեք։ Միևնույն է, այսօր մեր գլխավոր խնդիրը մեր միասնական լինելն է։

– Իսկ կա՞ միասնականություն։

– Մենք տեսանք՝ ինչպես միասնական, ուս ուսի տված գումարներ հավաքեցինք, օգնեցինք ընտանիքների և այլն։ Բայց նաև մեր կյանքում պետք է սովորենք միասին, իրար կողքի ապրել։ Եկեք մի քիչ հեռատես լինենք ու, իմ կարծիքով, դեռ երկար ձգվող պատերազմի ընթացքում հետագայի համար հավաքենք միասնականության պաշար։ 

Կարծիք էր, լսեցինք, շատ լավ, շատ հնարավոր է, որ նրան, ում դիմել էր, օգտակար բան գտնի, ինչո՞ւ ենք վիրավորում հայտնած կարծիքի համար։ Խնդիրն այն է, որ ձևավորված չէ այդ քննարկումների սեղանը, սենյակը, որտեղ կամ որի շուրջ կարող էին մտքեր ու առաջարկներ գեներացվել ու միասնական ուժերով լուծվել։ 

– Պարո՛ն Պողոսյան, հրադադարի մասին արդեն երեք անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն է կայացել կողմերի միջև, բայց այսօր տեսնում ենք՝ Շուշին ու Ստեփանակերտի հիվանդանոց, ծննդատունն ու բնակելի հատվածներն են թիրախավորել։ Ինչո՞ւ է այդքան անհնար դարձել հրադադարը։

– Ոչ թե անհնար է դարձել, այլ այն երկրները, որոնք բանակցում են հրադադարի շուրջ, չեն ապահովում բավարար մեխանիզմներ, որ կողմերը դրանցով պարտավորված զգան պահպանել հրադադարը։ 

Ադրբեջանի նպատակը մենք գիտենք, չէ՞, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը պետք է հայազուրկ լինի, թուրքերն էլ ցեղասպանությունը շարունակելու խնդիրն են լուծում, հայերին այդ տարածքներից պետք է հանել։ Ալիևը երբևէ չի ամաչել հայտարարել, որ Երևանն էլ է իրենցը, Զանգեզուրն էլ։ Նրանք իրենց նպատակների հետևից են գնում, չեն փորձում թաքցնել։ 

Խնդիրն այն է, թե ի՞նչ գործիքակազմով են ապահովել այդ միջնորդ երկրները, որ կողմերը կարողանան պահպանել հրադադարը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում ինքը երկու հարց է տվել՝ ինչպե՞ս եք անելու, որ պարզվի՝ ով է հրադադարը խախտել, և ի՞նչ են անելու, եթե խախտվեց։ 

Մենք նաև հիշում ենք, որ ՌԴ-ում կողմերը պայմանավորվեցին վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման մասին։ Այս հարցի շուրջ Հայաստանը տվել է համաձայնությունը, բայց Ադրբեջանը մերժել։ Լավ, դրանից հետո Ֆրանսիան որ պայմանավորվեց, ի՞նչ մեխանիզմներ ներդրեց։ 

Այ եթե Ֆրանսիան պայմանավորվեր, որ հրադադարը խախտողի նկատմամբ կիրառվելու են պատժիչ մեխանիզմներ, այդ ժամանակ Ադրբեջանը լուրջ կտրամադրվեր։ Բայց չկան սանկցիաներ, և ինչո՞ւ պետք է Ադրբեջանը իր հռչակած առաջնահերթություններից հետ կանգնի, այն դեպքում, երբ նա իր պատկերացրած հաջողությունների դաշտում է։ 

Այն օրից, երբ հայ զինվորը և, ընդհանրապես, հայ ազգը կփոխի վիճակը, այդ օրից Ադրբեջանը կսկսի խելոք լսել։ Մինչև չհստակեցվեն վերիֆիկացիոն մեխանիզմները և դրանք խախտելու համար կիրառվելիք սանկցիաները, Ադրբեջանը հետ չի կանգնելու։ Մենք գիտենք՝ մեր թշնամին ով է, պետք է զգոն լինենք, պահպանենք մեր միասնականությունը և ամեն րոպե պատրաստ լինենք ցանկացած ավելի վատ սցենարի։ 

Հումանիտար հրադադարի չորրորդ փորձը ինձ համար անպատկերացնելի է, ինչպե՛ս է դա հնարավոր՝ չգիտեմ, այն դեպքում, երբ դա Ադրբեջանի համար կարող է պարտվողական համարվել, քանի որ նա իր նպատակներին չի հասել։ 

Մենք էլ մեր խնդիրներն ունենք։ Ես չեմ կարծում, որ եթե ազնիվ լինենք, այս պատերազմը կարող է կանգ առնել։ Մնում է, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երեք երկրները, եթե իսկապես իրենց շահերի շրջանակում է, ապահովեն հրադադարը, ներդնեն մեխանիզմներ ու վերիֆիկացնեն՝ ովքեր են խախտողները։ 

Եթե կողմերն իմանան, որ հրադադարը խախտելու համար կստանան սանկցիաներ, ապա պարտադրվելու են կատարել պայմանավորվածությունը։ Այդ երեք երկրները իրենց արբանյակներով կարող են հեշտորեն ստուգել՝ ո՛ր կողմը խախտեց հրադադարը, ու դրա համար մեծ սանկցիաներ կիրառել։ Բայց քանի դեռ դա չկա, Ադրբեջանը շարունակելու է իր հանցագործությունը։ Նրան թվում է, թե հեսա հասնելու է Երևան։ Ինչո՞ւ պետք է կանգնի, Թուրքիան ինքն է մատ թափ տալիս երկրների վրա։ 

– Պարո՛ն Պողոսյան, թշնամու փոքր առաջխաղացումը որոշակի ընկճվածություն է առաջացրել թիկունքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ 

– Նախ՝ շատերին թվում էր, թե մենք խաղաղության մեջ էինք ապրում։ Ես միշտ 2012-ից ասել եմ՝ պատերազմը 94 թվականից չի ավարտվել, մենք չպետք է ապրեինք այդ մտքերով։ Եթե այդ գիտակցումով ապրեինք, շատ բանի պատրաստ կլինեինք։ 

Իսկ պատերազմի ժամանակ, մի՛ մոռացեք, 91-92 թվականներին ունեցանք հաջողություններ, 93-ին ունեցանք անհաջողություններ, նույնիսկ այնքան, որ Արցախի 40 տոկոսը գրավել էին, բայց 94-ին պատերազմն ավարտվեց մեծ տարածքներ գրավելով։ Սա գիտակցելով պետք է հասկանալ, որ մի փոքր առաջխաղացումը դեռ ոչինչ չի նշանակում։ Եվ մենք պետք է վերականգնենք մեր անվտանգության ապահովման համար ամենահարմար բնագիծը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am