ՏՏ ոլորտում կլինի քաոսային իրավիճակ, որովհետև նոր նախագիծը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում. Տնտեսագետ

Սուրեն Պարսյանը (Լուսանկարը՝ Sputnik Արմենիա)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

– Պարո՛ն Պարսյան, ինչպե՞ս եք գնահատում էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվող նախագիծը, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը հարկային տարվա ընթացքում գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Հիշեցնեմ նաև, որ վերջին տարիներին գործում էր ՏՏ ընկերությունների աջակցության ծրագիր, համաձայն որի փոքր արտոնագրված ընկերությունների աշխատակիցների եկամտահարկը 10% է, սակայն 30-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունները չեն օգտվում այս արտոնությունից:

– Նախ նշեմ, որ 2022 թվականն այս ոլորտի համար եղել է արդյունավետ տարի, ու ՏՏ ոլորտում մենք ունեցել ենք աննախադեպ աճ։ 2022 թվականին այս ոլորտը 2021-ի համեմատ արձանագրել է 75,7% տնտեսական աճ։ Ոլորտի ենթաճյուղերից, օրինակ՝ համակարգչային ծրագրերի հրատարակությունների շրջանառության դեպքում աճը եղել է 2,4 անգամ ավելի, ծրագրային ապահովման դեպքում աճը կազմել է 80%, տվյալների մշակման դեպքում՝ 20%։ 

Այս աճի վրա էական ազդեցություն է ունեցել անշուշտ ռուսների Հայաստան գալը, հիշեցնեմ, որ 2022-ին Հայաստանում ստեղծվել է մոտավորապես 7000 ռուսական ընկերություն, որոնց մեծ մասը հիմնականում զբաղվել է ՏՏ ոլորտով, այսինքն՝ այստեղից իրականացրել են պատվերներ, իրենց ծառայություններն արտահանել արևմտյան երկրներ։ 

Չնայած ունեցած աճին, անցյալ տարի ոլորտն ունեցել է նաև խնդիրներ, հատկապես տեղական ընկերությունները, որ երկար ժամանակ աշխատում են Հայաստանում ու իրենց պատվերի 80%-ը հիմնականում դրսից է: Պայմանավորված դոլարի արժեզրկմամբ՝ նրանք ունեցել են բավականին լուրջ խնդիրներ, որովհետև իրենց պայմանագրերը դոլարով են, ինչի հետևանքով էլ իրացման ծավալները մոտավորապես 25% նվազել են, ու դա անշուշտ իր ազդեցությունն է թողել տեղական ՏՏ ընկերությունների գործունեության վրա, օրինակ՝ կրճատվել են աշխատատեղերը տեղական ընկերություններում, նվազել է աշխատավարձը, մրցակցությունն է բավականին խստացել այս դաշտում։ 

Այն ընկերությունները, որոնք միայն դրսի շուկայի համար էին աշխատում, փորձեցին նաև հաճախորդներ գտնել ներսի շուկայում, այդ իսկ պատճառով մրցակցությունը խստացավ։ Կառավարությունն անցած տարի ծրագիր ընդունեց տեղական ՏՏ ընկերությունների համար, որոնք նվազեցրել էին իրենց աշխատակիցների աշխատավարձերը, մինչև 10 միլիարդ դրամի չափով աջակցություն նախատեսեց։ 

Այդ աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է որոշ ընկերությունների, բայց դրանց մասին որևէ տեղեկատվություն չկա, թե այդ ընկերությունները որո՛նք են, ի՛նչ խնդիրներ են ունեցել և այլն։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ այդ 10 միլիարդ դրամի աջակցության տրամաբանությունը հիմա փորձում են ներդնել օրենքի մեջ, որ ընկերությունները 20%-ի փոխարեն վճարեն 5% եկամտային հարկ։

Հիշեցնեմ, որ մինչ այդ ՀՀ Կառավարությունն ուներ համապատասխան արտոնություն ՏՏ նորաստեղծ ընկերությունների համար, որի դեպքում եկամտային հարկը 10% է, իսկ շահութահարկ առհասարակ չեն վճարում, այսինքն՝ 20% եկամտային հարկ վճարում են խոշոր, ոչ թե նոր ստեղծվող ընկերությունները։ Այսպիսով, օրենքի այս նախագիծը, որ Կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, փորձում է առաջ մղել, կոչված է նպաստելու ՏՏ խոշոր ընկերությունների գործունեությանը։ 

Կառավարությունը դարձյալ գալիս է այն տրամաբանության, որ դրսի շուկայի հետ աշխատող կազմակերպությունները 25%-ով կորցրել են իրենց շրջանառությունը՝ պայմանավորված դոլարի փոխարժեքով, հետևաբար եկեք 15%-ով նվազեցնենք եկամտային հարկը, որ աշխատավարձերը չնվազեն։ 

Եթե Կառավարությունը շարժվում է այս տրամաբանությամբ, միգուցե 20%-ը նվազեցնենք 25%-ով, և պետությունը 5%-ը վճարի աշխատողների՞ն։ Նրանց այս տրամաբանությունն անհասկանալի է՝ ամեն ինչ կապել դոլար-դրամ փոխարժեքի հետ ու չփորձել հասկանալ ոլորտային խնդիրները։ 

Բացի այս, երբ նման նախագիծ են առաջ քաշում, պետք է հասկանան, որ շուկայում ստեղծում են որոշակի անհավասարակշռություն, որովհետև ՏՏ ոլորտի աշխատողներ կան ոչ միայն ՏՏ ընկերություններում, այլ նաև բանկային համակարգում: Հիմա ստացվում է, որ բանկում աշխատողը պետք է վճարի 20% եկամտային հարկ, իսկ նույն ՏՏ աշխատողը, որն աշխատում է, ենթադրենք՝ ամերիկյան այլ ընկերության համար, վճարելու է 5% եկամտային հարկ։ 

Կստացվի, որ բանկային աշխատողները այլ հավասար պայմաններում կտեղափոխվեն դրսի հետ աշխատող ՏՏ ընկերություններ, այսինքն՝ շուկայում կստեղծվի քաոսային իրավիճակ, որովհետև շուկայում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ։ 

Տեղական ՏՏ ոլորտի աշխատակիցների արտահոսք կլինի դեպի դրսի հետ աշխատող ՏՏ ոլորտի ընկերություններ, կամ էլ գործատուն ստիպված կլինի ավելացնել ծառայությունների գները, որ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնի, որպեսզի նրանք չհեռանան։ Բազմաթիվ ռիսկեր ու խնդիրներ կան, որ այս նախագիծը հաշվի չի առել։ 

Բացի այդ, Հայաստանում կան բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք ունեն բավականին լուրջ տնտեսական խնդիրներ, օրինակ՝ սննդի վերամշակման՝ կաթնամթերքի, մսամթերքի ոլորտում մենք անցած տարվանից մինչև հիմա ունենք անկում: Անցած տարվա տվյալներով անկումային իրավիճակ է նաև գինեգործության ոլորտում։ Այլ ոլորտներում ևս ունենք մտահոգիչ տվյալներ, միգուցե արտոնություններ պետք է տրամադրենք առաջին հերթին այն ոլորտներին, որոնք անկման մե՞ջ են։ 

ՏՏ ոլորտը, արդեն ասացի, որ անցած տարի պաշտոնական տվյալներով ունի 75,7 % աճ, այսինքն՝ մենք արտոնություն ենք նախատեսում կոնկրետ ոլորտի համար, որը բավականին արագ է աճում։ Այստեղ ակնհայտ է, որ գերակշռում է քաղաքական շահը․ նրանք լավ հասկանում են, որ ՏՏ ոլորտի աշխատողները բավականին ակտիվ են քաղաքական, հանրային դաշտում, և փորձում են սիրաշահել այդ ընկերություններին ու նրանց աշխատակիցներին։ 

Պետք է նշեմ նաև, որ այս ոլորտը մեր ամբողջ ՀՆԱ-ի մոտավորապես 4,5%-ն է կազմում, իսկ Հայաստանում կան ոլորտներ, որոնց մասնաբաժինը ՀՆԱ-ում շատ ավելին է, օրինակ՝ գյուղատնտեսությունը 10% է, գուցե այս ոլորտների նկատմամբ ավելի՞ ուշադիր լինեն։ Հիմնավորումը, թե ՏՏ ոլորտի դեպքում պետք է կտրուկ եկամտային հարկի իջեցում անենք, բավարար չէ, պետք է լրացուցիչ քննարկվի, ուսումնասիրվի։ Ակնհայտ է, որ կա խնդիր՝ պայմանավորված դոլարի փոխարժեքով, բայց այս կերպ կտրուկ նվազեցնելը ես ճիշտ չեմ համարում։ 

– Ստացվում է, որ այս փոփոխությունը ոչ միայն խտրական մոտեցում է այլ ոլորտների նկատմամբ, այլ նաև հենց նույն ՏՏ ոլորտի ներսո՞ւմ է նման մոտեցում ձևավորելու։

– Այո՛, սա նաև ներոլորտային խտրականություն է․ ես ՏՏ ընկերություն եմ ու իմ ապրանքը վաճառում եմ Հայաստանում, բայց այդ արտոնությունը չեմ ստանում, իսկ այն ընկերությունը, որն իր ապրանքը դրսում է վաճառում, ստանում է այդ արտոնությունը։ Այսինքն՝ ոչ միայն միջոլորտային խտրականություն է, այլ նաև ներոլորտային։

– Պարո՛ն Պարսյան, այսինքն՝ առաջարկվող փոփոխությունը խնդիրները լուծելու փոխարեն նորե՞րն է ավելացնելու։

– Որ ոլորտում խնդիրներ կան, արդեն ասացի, բայց Կառավարությունը պետք է հասկանա, որ լուծումը միայն հարկային դրույքաչափի իջեցումը չէ, պետք է փորձի խթանել մրցակցությունը, փորձի դոլարի փոխարժեքը կարգավորել, որովհետև այս փոխարժեքի պայմաններում մեր տեղական արտահանողներն ուղղակի սնանկանում են: Գուցե պետք է փոխարժեքի մասով ինչ-որ բան ձեռնարկել, որ դրամն արժևորված լինի ոչ թե 25, այլ, ենթադրենք՝ 10%-ով։ 

Այս նախագծով դրամի արժևորման պատճառը չի վերանալու, այո՛, իսկ ռիսկերի մասին, խոսեցինք վերևում, իրենց տրամաբանությամբ մեղմելու է վիճակը, բայց իրականում նոր խնդիրներ է առաջացնելու։ Իրենք մի փոսը լցնում են, բայց հաշվի չեն առնում, որ մեկ այլ փոս է առաջանում, իսկ թե այդ նոր փոսը որքա՛ն խոր կլինի՝ դժվարանում եմ այս պահին հստակ ասել, բայց հաստատ խորությունը մտահոգիչ է լինելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am