ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության դեպք. պետությանը պատճառված վնասը կազմել է 5 մլրդ 500 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդհատակյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում՝ խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու: 

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Haaa Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

Նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ խաղատուն կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Իսկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում՝ այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում:

Ծանուցում. ենթադրյալ  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: