«Ինչպե՞ս էր հնարավոր նման բացթողում անել»․ Կրթական գործընթացի վրա եռամսյա զորահավաքի ռիսկերը չեն գնահատվել

Օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա պարտադիր զորահավաքը Հայաստանի որոշ համայնքների դպրոցներում անհանգստության պատճառ է դարձել:

«Հիմնականում մարզային դպրոցներում կան առարկաներ, որոնք դասավանդում է ընդամենը մեկ ուսուցիչ, մինչդեռ այդ խնդիրը գերատեսչությունների կողմից հաշվի չի առնվել, և ուսուցիչը ծանուցում է ստացել եռամսյա պարտադիր զորահավաքին մասնակցելու մասին»,- «Մեդիալաբին» խնդիրը ներկայացնում է սահմանային գյուղերից մեկի դպրոցի տնօրենը:

Արդյունքում, տվյալ առարկայից միակ ուսուցչի զորակոչը կարող է խնդիր առաջացնել առարկայի դասավանդման հարցում։ «Ինչպե՞ս էր հնարավոր նման բացթողում անել», -տարակուսած է տնօրենը։

Մի քանի դպրոցների տնօրենների դժգոհություններն ու բողոքները նկատի ունենալով՝ «Մեդիալաբը» օգոստոսի 25-ին գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրի վերաբերյալ որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։

ԿԳՄՍՆ-ին գրավոր հարցմամբ փոխանցել էինք տնօրենների մտահոգությունը՝ դպրոցի միակ զինղեկը, պատմության, քիմիայի և այլ առարկաների միակ ուսուցիչը երեք ամիս բացակայելու են, ինչը լուրջ խնդիր է համարվում դասապրոցեսը չլրացնելու առումով, և հետաքրքրվել էինք՝ արդյոք քննարկվել է՝ ինչպե՞ս է լուծվելու այս հարցը։

Ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի դպրոցների խնդրին:

«2021 թվականի օգոստոսի 23-ին գրություն է ուղարկվել պաշտպանության նախարարություն՝ դիտարկելու Տավուշի մարզի հանրակրթական և մարզառազմական մասնագիտացված ուսումնական հաստատություններում աշխատող զինվորական ղեկավարներին 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարված եռամսյա վարժական հավաքներին չներգրավելու կամ այլընտրանքային մոտեցում առաջարկելու հարցը»: 

Պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Տավուշի մարզում փորձարկվում են առարկայական նոր չափորոշիչները: 

«Հարկ ենք համարում նշել, որ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկվում են առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը»,- նշել են նախարարությունից:

ԿԳՄՍՆ-ի պատասխաններից սակայն, պարզվում է՝ կրթական բնականոն գործընթացին սպառնացող ռիսկերը, մասնավորապես, տարբեր առարկաներից մեկ ուսուցիչ ունենալու հանգամանքը, նախապես հաշվի չեն առնվել, ՊՆ-ի հետ քննարկումներ չեն եղել:

Այդ մասին մեր հարցին նախարարությունից պատասխանել են. «ՀՀ պաշտպանության նախարարության հետ քննարկվում է նաև տվյալ առարկայից ուսումնական հաստատությունում միայն մեկ մասնագետ ունենալու պարագայում նրանց զորահավաքի գործընթացում չներգրավելու հարցը»:

Նաև հետաքրքրվել էինք՝ բուհերի դեպքում և՞ս նմանատիպ խնդիր կա, ինչին նախարարությունից պատասխանել են. «Ըստ անհրաժեշտության բուհերը կարող են քննարկել պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական ծանրաբեռնվածության կարգավորման և համապատասխան ամբիոնների դասախոսների միջև դասընթացների հավասարաչափ պլանավորման (վերաբաշխման) հնարավորությունը՝ ապահովելու ուսումնական պլանով նախատեսված դասընթացներին հատկացված ժամերի դասավանդումը և ուսումնական գործընթացի բնականոն գործունեությունը»:

Նախարարությունից, մասնավորապես, չեն պատասխանել մեր հարցերին՝ արդյոք պաշտպանության նախարարությունը նախապես քննարկում ունեցե՞լ է ԿԳՄՍՆ-ի հետ, և արդյոք նախարարությունը տվյալներ ունի՞, թե նմանատիպ խնդրի առաջ քանի՞ դպրոց է կանգնելու և հիմնականում որ բնակավայրերից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am