Այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում․ Անդրանիկ Փիլոյանի ուղերձը

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ․

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, արդեն 13 տարի սեպտեմբերի 4-ը տոնվում է, որպես Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օր, սակայն այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազյան, համաճարակային  բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու  անհրաժեշտություն կա:

Անցած ճանապարհն՝  ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր  մարդասիրական առաքելությունը: Դա  թույլ է տալիս  հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին  արժանապատվորեն ներկայացող կառույց:

Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները:

Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու,  մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհարվիրքներից պաշտպանելու հրամայականն է: Իսկ դրա  համար մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք մասնագիտական պատրաստվածության բարձացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:  

Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ առողջություն, անփորձանք աշխատանք, խաղաղություն մեր երկրին և երջանկություն ձեր ընտանիքներին: Վստահ եմ, որ այսուհետ  ևս  մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեք իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: