Թուրքիայի արևելքում գտնվող Սիվերեք քաղաքում (Շանլըուրֆայի նահանգ) տեղի է ունեցել զինված հարձակում դպրոցի վրա։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Տեղեկությունների համաձայն՝ հարձակվողը վիրավորել և պատանդ է վերցրել մի քանի աշակերտների։ Ըստ Habertürk լրատվականի՝ հարձակումը իրականացրել է մի երիտասարդ։ Թիրախը եղել է Հասան Չելեբի թաղամասում գտնվող Ահմեթ Քոյունջուի անվան ավագ դպրոցը։ Լրատվամիջոցը նշում է, որ դպրոցի ներսում կրակ է բացվել։
«Milliyet»-ի հաղորդմամբ՝ աշակերտների մեծ մասը տարհանվել է։ Վիրավորներից մի քանիսը փորձել են փախչել՝ դուրս ցատկելով պատուհաններից։
Դեպքի վայր են ուղարկվել բժշկական, ոստիկանական և հատուկ նշանակության այլ ստորաբաժանումներ։ Անվտանգության ուժերը փորձել են համոզել հարձակվողին հանձնվել, սակայն նա հրաժարվել է։ Կրակողը թաքնվել է դպրոցի շենքում, որը շրջափակվել է հատուկ ուժերի կողմից։
Ականատեսներից մեկը NTV-ին հայտնել է, որ հարձակվողը եղել է 17–18 տարեկան դեռահաս, ով զինված մտել է դպրոցի տարածք։ «Նա սկզբում պատահական կրակ է բացել բակում, ապա սկսել է կրակել արդեն դպրոցի ներսում», – նշել է աղբյուրը։
«Milliyet»-ի տվյալներով՝ հարձակվողը զինված է եղել որսորդական հրացանով։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ նա դպրոցի նախկին աշակերտ է եղել։
Հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երեխաներ և ուսուցիչներ։ Վերջում հարձակվողը ինքնասպան է եղել։



















