«Մոլորություն է, թե՝ զիջենք, որ պատերազմ չլինի, Թուրքիան ոչ մի զիջումով չի բավարարվելու․ այդ մտայնությունը զավեշտ է»․ Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացել՝ երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում է Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքը։ Միրզոյանը նաև նշել է, որ դա բացարձակապես քննարկման առարկա չի կարող լինել։ Թուրքիայի նոր նախապայմանի առաջադրումն ինչո՞վ եք բացատրում։

– Ամենացավալին այն է, որ հայկական իշխող վերնախավը Թուրքիայի ու Ադրբեջանի մասին ունի շատ թյուր կարծիք, ինչը գալիս է իրենց թիմում պրոֆեսիոնալ կադրերի բացակայությունից, այսինքն՝ որպեսզի հասկանան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համապատասխան դիվանագիտություն ինչպե՞ս վարել, պետք է գոնե ունենալ համապատասխան մասնագետներ, փորձագետներ, որոնք ծանոթ են Թուրքիայի պատմությանը, բանակցությունների ընթացքին ու մնացյալ կետերին։

Ցավոք, իրենք առանց այդ ամենը հաշվի առնելու, Թուրքիայի այն հայտարարությունը, որը շուրջ 20 տարի նույնն է, համարում են դրական ազդակ։ Ընդգծեմ, որ Թուրքիան միշտ ասել է`մենք պատրաստ ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել, եթե․․․ ու սկսում է նախապայմանների շարքը։ Այսինքն՝ Թուրքիան երբևէ չի ասել` մենք չենք ուզում Հայաստանի հետ հարաբերություններ չկարգավորել, երբեք։

Թուրքիան մշտապես նախապայմաններ է թելադրելու, եթե անգամ այս նախապայմանը բավարարվի, միևնույն է` թուրքական նախապայմանները շարունակվելու են։ Հայաստանի ու Թուրքիայի միջև կան շատ հարցեր, որոնք Թուրքիան որպես նախապայման մշտապես կարող է ներկայացնել, սա մեր արտաքին սխալ քաղաքականության հետևանք է։

Համապատասխան մասնագետների հետ խոսելուց հետո միայն կարելի է նման հայտարարություններ անել, Թուրքիայի մեսիջները ճիշտ ընկալել, ոչ թե պահից ելնելով ասել, թե դրական ազդակներ կան: Դրանք ոչ թե դրական ազդակներ են, այլ՝ բացասական, Թուրքիան երբեք դրական ազդակ չի հաղորդել։

– Հաշվի առնելով թուրքական նոր նախապայմանը՝ ձեր գնահատմամբ, հիմա Հայաստանն ավելի՞ ծանր վիճակում է։

– Բնականաբար, հիմա շատ խոցելի ու ծանր վիճակում են հայ-թուրքական «հարաբերությունները», քան առաջ: Այն ժամանակ հաղթած պետություն էինք, իսկ հիմա շատ խոցելի ու թույլ վիճակում ենք գտնվում Թուրքիայի հետ չեղած հարաբերություններում։

– Պարո՛ն Իսպիրյան, ստացվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, արդեն նախապայմանի համատեքստում, պահանջում են հայկական կողմից այդ միջանցքը։ Այս հարցի լուծման ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում։

– Ես չեմ ուզում այդ մասով որևէ կանխատեսում անել, ընդամենը հուսով եմ, որ մեր իշխանությունները խելամիիտ քաղաքականություն կվարեն, կհասկանան իրական վտանգներն ու կփորձեն դրանք կանխել։

Մեր իշխանությունների վարած քաղաքականության՝ զիջենք, որ պատերազմ չլինի, վերջը լինելու է այն, որ Երևանն էլ ենք զիջելու։ Դա մոլորություն է, նման մտայնություն չպետք է լինի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործ ունենալիս ու, առհասարակ, պետք էր մինիմալ զիջումների գնալ՝ անկախ հանգամանքից, թե պարտվել ենք։

Անխոհեմ զիջումների հետևանքով այսօր ազգային անվտանգության լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Հայ շատ պաշտոնյաների լսելիս տպավորություն է, թե Ադրբեջանի փաստաբանների ես լսում, զավեշտի է հասել այս ամենը։ Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն չեն խնդրում, խաղաղությունը պարտադրում են, իսկ մենք այս պահին խնդրողի ու մուրացողի դերում ենք։

– Դատելով ՀՀ արտգործնախարարի այդ հարցազրույցից` կարո՞ղ ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, հայ-թուրքական, եթե չասեմ բանակցություններ, գոնե քննարկումներ են տեղի ունենում։

– Ես պետական համակարգի գաղտնի աղբյուրներին չեմ տիրապետում, բայց հնարավոր է։ Մենք լսեցինք, որ Վրաստանի վարչապետն ասաց, թե Հայաստանի վարչապետը իր միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, հետևաբար չեմ բացառում, որ այս նախապայմանը նաև միջնորդի միջոցով փոխանցված լինի հայկական կողմին:

Ոչինչ բացառել հնարավոր չէ, քանի որ մենք բացարձակ անտեղյակության մեջ ենք գտնվում, չգիտենք՝ ո՛վ, ո՛ւմ հետ ի՛նչ է բանակցում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am