Ռուբեն Հայրապետյան. Ահաբեկիչը

Մհեր Արշակյան

Ես հասկանում եմ ոստիկանություն բերման ենթարկված հանրապետական Ռուբեն Հայրապետյանի հոխորտանքը, ըստ որի «ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»:

Նա իսկապես առանց այդ «մի գեղեցիկ օրվան» էլ սպասելիս ոտքերը կարող է «մաքրել» նոր Հայաստանի իրավապահների վրա։ 

Ինչպե՞ս է նա դա անելու։ Շատ պարզ։

Պետությունը նրա համար Վահե Ավետյան է, որին մի օր մահացու ծեծեց Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգությունը։ Բայց այն պետությունը, որի գլխին քրեական հանցագործներ են։

Այսօր «Վահե Ավետյանը» ուժեղ է, Ռուբեն Հայրապետյանը նրա վրա ոտքեր չի մաքրի։ Ինքը ասֆալտին կպառկի, բայց «Վահե Ավետյանի» հետ նման բան չի անի։ 

Իրականում ԱԺ նախկին պատգամավորը հետաքրքիր ուղերձ է հղել Հայաստանի իշխանություններին։ Ինքն ուղղակի հիշեցրել է, թե երկու տարի առաջ ինչպիսի իշխանություն էր ղեկավարում Հայաստանը։

Որևէ մեկը Ռուբեն Հայրապետյանին վտանգավոր համարո՞ւմ է։ Անձամբ ես՝ ոչ։

Եթե, իհարկե, իշխանությունը նրա պատկերով և նմանությամբ չէ։ Ահաբեկչի նրա մռնչյունը, անկասկած, չպետք է աննկատ մնա Հայաստանի գործող իշխանությունների ականջից, նրանք պիտի լսեն այդ խոսքը, հարկ եղած դեպքում նրան հրավիրեն ԱԱԾ և փորձեն հասկանալ, թե ի՛նչ նկատի ունի նա, երբ ասում է «ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»։

Գուցե մարդը կատակում է անզորությունից։ Որովհետև ո՞վ է տեսել, որ նույնիսկ քրեական հանցագործը նման բանը հրապարակավ ասի։ Նույնիսկ Նաիրի Հունանյանը ի լուր ամբողջ Հայաստանի չէր ասում, որ մտնելու է ԱԺ ու գնդակահարի մարդկանց աջ ու ձախ, թեպետ, ինչպես պարզվեց, իշխանությունները տեղյակ էին նրա մտադրությունից։ 

Ռուբեն Հայրապետյանը մարդ է, որն ապրում է միջավայրից դուրս։ Նա չի կորցրել իշխանության զգացումը, բայց կորցրել է իշխանությունը, նա պետությանը կոչ է անում իր «բովանդակային» տարածք չմտնել, այնտեղ ինքը դրության տերն է։ Պետության՝ իրեն բերման ենթարկելու ձեռագրին ինքը պատրաստ է պատասխանել ոտքերը պետության վրա մաքրելու ձեռագրով։ 

Բնավ չեմ նախանձում այս մարդուն։ Որովհետև նրան հեշտ է անակնկալի բերելը։ Ու այս մռնչյունը հենց իրականության զգացումը կորցրածի մռնչյուն է։ Նրան բերում է իրականություն, ինքը դրանից խոցվում է։

Իսկ դուք ի՞նչ եք սպասում։ Ահաբեկչությունը հենց պետության մեջ պետությունից դուրս զգացողի արարք է։ Հայրապետյանը կանի։ Բայց նա, հավատացե՛ք, վտանգավոր չէ։ Նրա անպատժելիության հիշատակն է խոցված։

Նա ուզում է, որ այդ հիշատակին ձեռք չտան, դա իր միակ հարստությունն է եղել Հայաստանում։ Հիմա նրանից միայն հիշատակ է մնացել։

Այդ հիշատակի անունն է ՀՀԿ։

Բոլոր նրանք, ովքեր այսօր ոստիկանության մոտ քաջալերում էին իրենց «կուսակցական» ընկերոջը։ Բոլորին համախմբել է նույն հիշատակը։ 

Վախենալու բան չկա։ Իշխանությունը գիտի Ռուբեն Հայրապետյանի տեղը։ Դա լավ է նաև պարոն Հայրապետյանի համար։ Վախենալու բան ունի ինքը, եթե հանկարծ իր տեղը ոչ մեկը չիմանա։ Որովհետև այդպիսի դեպքերում շատանում են միայն «որսորդները», որոնց զենքերն օրինական չեն, ու ոչ ոք այդ զենքերի մասին չգիտի։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am