«Առաջիկա տարիները մեր տարածաշրջանում խաղաղ չեն լինելու, և մենք պետք է լավ գիտակցենք դա, որպեսզի նոր հակամարտության մեջ չներքաշվենք». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ինչի՞ հետևանքով Հայաստանը պարտվեց պատերազմում։

– Սխալ է հարցադրումը: Ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմում ռազմական պարտություն է կրել Արցախի Հանրապետությունը՝ Արցախի պաշտպանության բանակը:

ՀՀ զինված ուժերը, որքան հասկանում եմ, մարտական գործողություններին, ըստ էության, չեն մասնակցել, Հայաստանն Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել: Իսկ Արցախի զինված ուժերի պարտությունը պայմանավորված էր նրանով, որ նախապես հայ բանակցողներն էին տապալել մեր ընդհանուր շահերի պաշտպանությունը բանակցային սեղանի շուրջ՝ համաձայնելով ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների բռնազավթման թեզի հետ և, այդպիսով, նաև Ադրբեջանի առջև բացելով հարցը բռնի ուժի կիրառմամբ միակողմանի լուծելու տարբերակի դուռը:

Դրան զուգահեռ էլ չկարողացանք նաև ձեռք բերել պատերազմի ժամին գործուն աջակցության պատրաստ դաշնակիցներ: Եվ, իհարկե, գլխավոր պատճառն այն էր, որ պատերազմող բանակը չուներ ժամանակակից սպառազինություն:

Գտնում եմ, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունը լիարժեք չկատարեց Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունը:

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջ է ձևավորվում, բայց Նիկոլ Փաշինյանն այս փուլում կառավարության կազմում է փոփոխություններ անում։ Մասնավորապես, առանցքային գերատեսչությունների՝ ԱԳ և պաշտպանության նախարարները փոխվեցին։ Արդյոք սա ի՞նչ կարող է փոխել ստեղծված իրավիճակում, Հայաստանի անելիքները որո՞նք պետք է լինեն։

– Ինքնին այդ փոփոխությունները չեն կարող վարչապետի հրաժարականի համար առկա քաղաքական նախադրյալները վերացնել: Դրանք կարևոր են բացառապես այն պատճառով, որ անհրաժեշտ էր կանխել պաշտպանության և ԱԳ նախարարությունների փլուզումն ու անգործունակության մատնվելը, քանի որ այժմ հենց այս գերատեսչությունների վրա է ընկած լինելու Հայրենիքը ստեղծված այս դժնդակ վիճակից դուրս բերելու հետ կապված ընթացիկ ողջ աշխատանքը, անկախ Փաշինյանի մնալ-չմնալուց: 

Թեպես Հայաստանում շատերը, այդ թվում՝ դուք ասել եք, որ Արցախի վերաբերյալ ընդունված հայտարարությունը պարտադիր իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, սակայն ՌԴ նախագահը հայտարարեց, որ դրա չկատարման դեպքում այլընտրանքը պատերազմն է։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական կողմի այս հայտարարությունը։ Ընդհանրապես, դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ այս փաստաթղթի որոշ դրույթների չկատարման կամ դրանում հայանպաստ փոփոխություններ անելու առումով։

– Միջազգային իրավունքի տեսանկյունից եռակողմ հայտարարությունն իսկապես չի կարող իրավաչափ ու լիարժեք փաստաթուղթ համարվել:

Այլ հարց է, որ Երևանն ու Ստեփանակերտն էլ այսօր ի զորու չեն, հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, կանխել պատերազմի վերսկսումը ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական ալյանսի կողմից:

ՌԴ նախագահն էլ, ըստ էության, ակնարկում է, որ հայտարարության մեջ առկա պայմանավորվածությունների խախտման դեպքում չի պատրաստվում կասեցնել պատերազմի վերսկսումը: 

– Նշվել է, որ հետագա բանակցությունը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Սա ի՞նչ կարող է փոխել։

– Տեսականորեն կարող է պահանջ դրվել, որ վերականգնվի մինչև սեպտեմբերի 27-ը եղած տարածքային ստատուս քվոն, իսկ Բաքվի կողմից այդ պահանջի մերժման դեպքում Արցախի ճանաչման պահանջ դնել:

Ներկայումս Արցախի ճանաչման հարցով որոշակի գործընթաց է գնում, մասնավորապես, նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը պետք է բանաձևի նախագիծ քննարկի։

ԱՄՆ սենատորներն իրենց հերթին կոչ են արել չեղարկել Արցախի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունը, Եվրամիությունը կոչ է արել վերսկսել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները։

Մենք կարո՞ղ ենք ասել, որ այս փուլում Արցախի ճանաչման հարցն է դրված, որ Արևմուտքն այս հարցով կոնկրետ քայլեր կանի, ԱՄՆ-ն ևս կարո՞ղ է ճանաչել Արցախը։ Եվ ի՞նչ կտա Արցախի ճանաչումն այս փուլում։

– Արցախի ճանաչումը ԱՄՆ-ի ու ԵՄ պետությունների կողմից, թեև հավանական եմ համարում, այդուհանդերձ, կնախընտրեմ այս թեմային անդրադառնալ դրա իրականացումից հետո միայն՝ խոստումներ ու մտերմիկ ակնարկներ շատ ենք լսել, և այժմ կուզեմ դրանց՝ կոնկրետ գործով հաստատումը տեսնել: Ճանաչումն էապես կավելացնի Արցախի անվտանգության երաշխիքների մակարդակը:

– Եթե ամփոփենք, ի՞նչ իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում, արդյոք այս հրադադարի համաձայնությամբ ապահովվա՞ծ է խաղաղությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները։ 

– Առաջիկա տարիները մեր տարածաշրջանում խաղաղ չեն լինելու, և մենք պետք է լավ գիտակցենք դա, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող դիմակայությանը զուգահեռ մի նոր հակամարտության մեջ չներքաշվենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am