Բաքվի դատարանում հրապարակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրականը. «Ազատություն»

«Ազատություն» – Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, հրապարակվում է մեղադրական եզրակացությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները հուլիսի վերջին առևանգեցին Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»

Խաչատրյանի ընտանիքը պնդում է՝ այդ ամենը կեղծ է, հայրը ոչ մեկին չի սպանել, չի վնասել, սովորական վարորդ է եղել։ Պաշտոնական Երևանը շինծու է համարում այս դատավարությունը։

Դատավարությունը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին: