Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում. 9 անձի վերաբերյալ գործն ուղարակվել է դատարան

2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ: 

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառու անձանցից մեկին Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում ծրագրում, իսկ մյուսին՝ Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար,  2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել  է  մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով  կաշառք՝ որպես  մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների:

Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն Զբաղվածության պետական գործակալության շահառու 2 անձի Անասնապահական ծրագրում ընդգրկելու համար, 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել  է  զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։

Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։

Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին Երիտասարդների աշխատանքային պրակտիկա ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել  է 5.000 ՀՀ դրամ կաշառք։

Քրեական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին և նրա տեղակալ Ս. Ա.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով , կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, կենտրոնի 5 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Բոլոր նշված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կաշառք տալու համար ևս 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում վերջիններիցս 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեի, 7 աշխատակիցների և կաշառք տվող մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 2021թ. դեկտեմբերի 28֊ին մարզի դատախազությունից ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։

Այդ մասին հայտնում են Դատախազությունից։