Վարակված բոլոր կենդանիները ոչնչացվել են, գյուղացիների տներից հայտնաբերված շուրջ 200 կգ միսը՝ այրվել. մանրամասներ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում արձանագրված խոշոր և փոքր եղջերավոր անասունների անկումը կենդանիներին չպատվաստելու հետևանք է եղել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) լրատվական ծառայության պետ Անուշ Հարությունյանը «Մեդիալաբին» ասում է, որ տեսչական մարմինը Շիրակի մարզից անասունների անկման մասին ահազանգը ստացել է հունիսի 29-ին:

«Ահազանգից անմիջապես հետո իրավիճակը տեղում ուսումնասիրել ենք, սիբիրյան խոցով վարակված բոլոր կենդանիները ոչնչացվել են, իսկ գյուղացիների տներում փնտրել ենք վարակված միսը, ինչի արդյունքում մոտ 200 կգ միս այրվել է:

Հայաստանում սիբիրյան խոցի հայտնաբերման մասին դեռ հուլիսի 1-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա ասել էր, որ Հայաստանում գրանցվել է սիբիրյան խոցի երեք հաստատված դեպք:

«Շիրակի մարզում միայն Իսահակյան գյուղում է սիբիրյան խոցի դեպք հայտնաբերվել: Դրանից մեկ-երկու օր առաջ էլ սիբիրյան խոցի դեպք էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում, որտեղ վարակված եղել է 24 խոշոր և 6 մանր եղջերավոր: Դրանք ևս ամբողջությամբ այրվել ու վերացվել են»,- ասում է Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Իսահակյան գյուղում վարակի բռնկման պատճառը եղել է այն, որ մինչ այդ պատվաստում չի արվել, չնայած պատվաստանյութ եղել է: Ահազանգից հետո համայնքի անասունների ամբողջ գլխաքանակը պատվաստել են:

Գեղարքունիքի մարզի այդ համայնքներում, ըստ Հարությունյանի, հսկողությունը շարունակվում է, և չորրորդ օրն է՝ վարակի նոր դեպք չի հայտնաբերվել: Բաժնի պետի խոսքով՝ այլ մարզերից ահազանգեր չեն ստացել:

Անասունների մոտ սիբիրյան խոցի տարածման հետևանքով երկու մարզում վարակվել են նաև մարդիկ:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ Իսահակյան համայնքում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Հուլիսի 2-ի դրությամբ, ըստ աղբյուրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, նրանք ստանում են անհրաժեշտ բուժում:

Հավելենք՝ սիբիրյան խոցը մանրէային ծագման վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ վարակվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից։ Վարակը մարդուց մարդ չի փոխանցվում: Մարդը կարող է վարակվել սիբիրյան խոցով՝ մաշկի ամբողջականության խախտման դեպքում, օրինակ՝ երբ կա քերծվածք, և մարդը վարակված կենդանու հետ գործ ունի։ Վարակը մարդու օրգանիզմ է թափանցում նաև հիվանդ կենդանու միսն ու կաթը օգտագործելու հետևանքով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am