«Բողոս Աղոյանի շնորհիվ հնարավոր եղավ փրկել ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը». Նախարարությունը դատապարտում է բժշկի հանդեպ բռնությունը

«Բողոս Աղոյանի շնորհիվ հնարավոր եղավ փրկել ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը». Նախարարությունը դատապարտում է բժշկի հանդեպ բռնությունը
«Բողոս Աղոյանի շնորհիվ հնարավոր եղավ փրկել ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը». Նախարարությունը դատապարտում է բժշկի հանդեպ բռնությունը

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում  դատապարտել է սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: 

«ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորագրության, պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։

«Բողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։

Շատ ավելի մեծ է մերժելի նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ 41-ամյա սիրիահայ Բողոս Աղոյանը բարձրաձայնել էր, որ օգոստոսի 20-ին բռնության է ենթարկվել Թալինի քաղաքապետի բարեկամների կողմից:

Թեեւ Թալինի հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը հերքել է տեղի ունեցածում իր բարեկամները մասնակցությունն, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտը եւ իշխանամերձ օղակներին սերտորեն առնչվողների անձեռնմխելիությունն, դժվար չէ հավատալ, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես պատմում է հայրենադարձված Աղոյանը:

Աղոյանը փորձել է մեքենան կայանված տեղից դուրս հանել, սակայն ճանապարհը փակած մեքենայում գտնվողները վեճ են հրահրել, անցել հայհոյանքների, վերջում էլ մի քանի հոգով վրա հասել եւ դաժան ծեծի ենթարկել Թալինի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Սարգիս Արամյանին:

«Ես փրկում եմ մարդկանց կյանքը, սակայն իմ հայրենիքում նման նվաստացման եմ արժանանում ինչ որ այլասերվածների պատճառով»,-«Մեդիալաբին» ասել է Աղոյանը:

Բողոս Աղոյանը, Սիրիայում ծավալված գործողությունների հետեւանքով մեկ տարի ութ ամիս առաջ ստիպված է եղել թողնել հայրենի Հալեպը, ուր կլինիկա ուներ, եւ տեղափոխվել հայրենիք, որտեղ ըստ նրա փորձել է բոլորի հետ «լեզու գտնել»:

«Դժվարությունը մարդու համար է,-«Մեդիալաբին» ասել է Աղոյանը,-հայրենիքս շատ եմ սիրում, հայրենիքը մի տեղ է, որտեղ պիտի ապահով զգաս քեզ, բայց այնքան այլանդակ կա, որ էլ չեմ ուզում այստեղ մնամ: Հիասթափվել եմ: Արաբները, հավատացեք, մեզ ավելի լավ են ընդունում»:

Լուսանկարը` Azatutyun.am

© Medialab.am