«Հատիսի շուրջ կատարվողը պետական կառավարման համակարգում գործող պատասխանատուների տգիտության հետևանք է». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

Պարո՛ն Միսկարյան, Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ անցնող շաբաթ: Առաջին օրերից սկսած, երբ հայտարարվեց այս գաղափարի մասին, կարծիքները բուռն էին ու իրարամերժ: Ինչո՞ւ արձագանքն այսքան բուռն եղավ, ու ընդհանուր երևույթն ինչի՞ մասին է խոսում:

– Եթե շատ անկեղծ՝ ընդհանուր երևույթը խոսում է որոշում կայացնողների և կապիտալը տիրապետողների տգիտության մասին: Այսինքն՝ այդ մարդիկ չեն առաջնորդվում որևէ արժեքով, երբ իրականացնում են պետական նշանակության որևէ նախագիծ, այլ առաջնորդվում են միայն փողով:

Հիսուսի արձանի տեղադրումն էլ կապեցին տուրիզմի զարգացման հետ՝ առանց հաշվի առնելու, որ մեր մշակութային առանձնահատկությունը նման բան չի ենթադրում: Մյուս կողմից՝ ընթացակարգը, որով կատարվում է այս գործընթացը, բազմաթիվ օրենսդրական խախտումներ է պարունակում, դրա համար էլ բարձրացավ այս աղմուկը, ընդ որում՝ աղմուկը հենց սկզբից էր առկա, բայց, ինչպես հասկանում ենք, բիզնես նախագծերը շատ հոգեհարազատ են այս գործընթացի հեղինակներին, ու նրանք ամեն գնով ուզում են իրականացնել այն:

Այս տրամաբանության մե՞ջ է տեղավորվում նաև այն, որ Եկեղեցու կարծիքը ևս հաշվի չառնվեց:

– Ոչ մի կարծիք հաշվի չեն առնում: Մարդիկ որոշել են, որ պետության կողմից պահպանվող արգելոցում իրենք քանդելու իրավունք ունեն: Այնտեղ առնվազն 20 պատմամշակութային հուշարձան կա, իսկ լեռան գագաթին էլ քարիդարյա ամրոցն է, որը դեռևս ներգրավված չէ այդ 20-ի մեջ, բայց ԿԳՄՍ նախարարության տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ այն, միևնույն է՝ հնավայր-ամրոց է ու գտնվում է պետական հոգածության տակ: Իսկ մարդիկ վերցրել են ու առանց փաստաթղթերի, թույլտվությունների, լեռան ամբողջ լանջով մեկ քանդել են, իրենց համար ճանապարհ սարքել, հիմա էլ արդարանում են, իբր գազ ու հոսանք էին քաշում:

Կներես, ընկե՛ր, եթե դեռ թույլտվություն չունես այդտեղ շինարարություն անելու, գազն ու հոսանքը ինչո՞ւ ես քաշում: Երկրորդ՝ այդ գազն ու հոսանքը քաշելու ռիսկերն էլ պետք է գնահատվեն, չէ՞: ՇՄԱԳ չկա արված, ոչինչ արված չէ, անկեղծ ասեմ, նույնիսկ Սերժի ժամանակ էս կարգի ապօրինություններ չէին լինում, ինչ հիմա է. մարդիկ անում են էն, ինչ ուզում են՝ առանց օրենքն ուսումնասիրելու, առանց հաշվի նստելու օրենքի պահանջների հետ:

Պարո՛ն Միսկարյան, դրա պատճառը որն է, որովհետև պետական մակարդակով անտեսվել են բոլոր օրենքնե՞րը:

– Դա պետական կառավարման համակարգում գործող պատասխանատուների տգիտության հետևանք է, չեմ խորշում էդ բառն ասելուց, որովհետև դրան ուրիշ բացատրություն չկա: Եթե նույնիսկ միայն կոռուպցիոն երևույթ լիներ որպես այդպիսին, ապա գոնե թղթաբանական կողմը կպահպանեին, ինչպես առաջ էր արվում: Այսինքն՝ առաջ կար կոռուպցիա, բայց այդ կոռուպցիան այնպես էր արվում, որ մինչև հիմա զննում, քննում են ու, մեծ հաշվով, գրեթե ոչինչ չեն կարողանում գտնել, եթե գտնում էլ են՝ շատ չնչին տոկոսը:

Հիմա նույնիսկ, դասականի ասած, որ թղթերով ամեն ինչ մաքուր է, դրան էլ չեն հետևում, ու պատճառն այն չէ, որ նրանք բացարձակ հաշվի չեն նստում հանրային կարծիքի հետ, այլ որովհետև տգետ են, ուղղակի տգետ են: Ո՛չ արժեքային, ո՛չ օրենսդրական, ո՛չ մշակութային, ո՛չ տնտեսական ոլորտից ոչինչ չեն հասկանում:

Իսկ ԿԳՄՍ նախարարության տարածած պարզաբանմանն ինչպե՞ս եք վերաբերվում:

– Շատ թերահավատորեն, իհարկե լավ է, որ գոնե կոչ են արել դադարեցնել շինարարությունը, բայց այդ նույն նախարարությունը, երբ վարչապետը խոսում էր այդ մասին, կարող էր իր կարծիքն ասել, այնինչ ամեն բան անցավ բացարձակ լռության մեջ:

Վստահ եմ, որ եթե այս հարցը հանրային հնչեղություն չստանար, նրանք շարունակելու էին լռել, բայց լավ է, որ գոնե հիմա իրենց մեջ համարձակություն են գտել, ու չգիտեմ ինչ պատճառով, գուցե իրենց վրայից սլաքները հեռացնելու, էական չէ այս պահին, հայտարարել են, ինչն իրականությանը մոտ է:

Ձեր կարծիքով՝ փորձագիտական ի՞նչ եզրակացություն կտան, ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

– Այդ արձանը Հատիսի տարածքում տեղադրելու որևէ հիմք չկա, օրենքն արգելում է: Հիմա, եթե վերցնեն ու օրենքը հարմարեցնեն իրենց ցանկություններին ու արժեհամակարգին, ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը, շատ վատ նախադեպ է դառնալու: Հատիսի գագաթին գտնվող 100 հեկտար տարածք է տրամադրվել Գագիկ Ծառուկյանին, հասկանում եք, չէ՞, որ դա բիզնես ծրագիր է: Բայց բիզնես ծրագիրը չի կարելի անել բնության ու մշակութային ժառանգության հաշվին, նույն է, ասենք՝ վաղը մեկը գա, Գառնու ձորի քարերը քանդի, ասի՝ կառուցում եմ Տիգրան Մեծի դղյակը, դրա համար քանդում եմ այս քարերը:

Պարո՛ն Միսկարյան, եթե, այնուամենայնիվ, այդ արձանը կանգնեցվի, դա, ինչպես հավաստիացնում են, զբոսաշրջային բո՞ւմ է առաջացնելու Հայաստանում:

– Հայաստանում շատ-շատ են պատմամշակութային հուշարձանները, և մի հատ Քրիստոսի արձան ավել կամ պակաս մեծ բան չի փոխելու, այսինքն՝ այդ արձանի համար մարդիկ հատուկ չեն վեր կենա, գան Հայաստան: Հայաստան գալու են նաև հայ մարդու համար, ոչ միայն արձանների, իսկ այդ որոշումներով այսօր ոտնահարվում է հայ մարդը, այսինքն՝ եթե տուրիստը գալու է այստեղ, բայց այստեղ մարդ չի ապրելու, ապա ո՞ւմ է պետք էս երկիրը:

Իսկ մարդ չի ապրելու, եթե ինքը հասկացավ, որ այս անարդար վիճակը, երբ օրենքի վրա թքած ունեն, ու ամեն մեկն ինչ ուզում անում է, թողնելու են գնան էս երկրից: Սա կառավարության հերթական ծրագիրն է լինելու արտագաղթին նպաստելու, ոչ թե տուրիզմը զարգացնելու:

Օրենքների այս խախտման մասով՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն:

– Ասեմ, որ մի խումբ մարդկանցով որոշել ենք, որ մինչև Եվրոպական դատարան էլ գնալու ենք: Հույս ունեմ, որ այնքան խելամիտ կգտնվեն, որ կհրաժարվեն սարն ավերելուց, ու էս ամեն ինչը սրանով կվերջանա, բայց եթե մարդն այդքան գումար է դրել ու 100 հեկտար հող է գնել, նշանակում է ինչ-որ ծրագրեր կան, որ պետք է իրականացնի, իսկ այս կառավարությունը, բացի փողից, ուրիշ ոչ մի կերպ չի կարողանում չափել հանրային հարաբերությունները, ինչը օլիգարխիկ մտածողությամբ կառավարչին հատուկ մոտեցում է, ու ես նոր չէ, որ ասում եմ. Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հետևողականորեն ստեղծում են իրենց օլիգարխիկ համակարգը:

Ինչո՞ւ այդպես ստացվեց:

– Որովհետև ի սկզբանե նրանք հեղափոխական չեն եղել, իշխանափոխական էին և չունեին էն արժեհամակարգը, որն անհրաժեշտ է հեղափոխական ուժին: Նրանք ուղղակի վերցրին իշխանությունն ու շարունակեցին նույն տրամաբանությամբ անել նույնը, ինչ նախկիններն էին անում: Հայաստանում հեղափոխություն չի եղել, եղել է իշխանափոխություն, որի արդյունքում մի պահ անիշխանություն էր, հիմա իրենց դիրքերն են վերականգնում՝ պատրաստվելով հաջորդ ընտրություններին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am