ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. Ոստիկանապետի պաշտոնակատար

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով` Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանն ասաց հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հունվարի 28-ին ոստիկանության կողմից «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն:

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում, եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, հետևաբար խոսքի, գործելակերպի ազատություն չէինք ունենա: Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները: Դրանք իրականացվել են օրենքի սահմաններում: Ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ստուգման արդյունքներով ազատ արձակել նրան»,- ասաց Սարգսյանը: