Շտեֆան Ֆյուլե. «Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից»

Շտեֆան Ֆյուլե. «Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից»
Շտեֆան Ֆյուլե. «Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից»

«Մենք երկուստեք հավատարիմ ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու սերտացմանը»,- այս մասին սեպտեմբերի 19-ին Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, մինչեւ մամլո ասուլիսը տեղի է ունեցել Սարգսյանի եւ Ֆյուլեի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի կատարողականի վերաբերյալ հարցեր:

Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի՝ 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել մեր երկրի՝ եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններին:

Հանդիպումից հետո պարոն Ֆյուլեն հայտարարել է, թե գնահատում է այն դրական առաջընթացը, որ Հայաստանը ձեռք է բերել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, եւ մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացում:

Ֆյուլեն նշել է նաեւ, թե ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանին` ներքին հավակնոտ բարեփոխումների իրականացման շուրջ եւ արդեն իսկ կրկնապատկել ենք այս ուղղությամբ տրամադրվող օժանդակությունը:

«Դեռևս անելիքներ կան, եւ ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ հիմնվելով ձեռք բերած շատ լավ առաջընթացի վրա: Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն արգասաբեր քննարկում ենք ծավալել, եւ ԵՄ-ն ու Հայաստանը պատրաստակամ են էլ ավելի խորացնել հարաբերությունները եվրոպական հարևանության նորացված քաղաքականության շրջանակում»,- հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Նա նաեւ հավելել է, թե եթե Հայաստանը շարունակի իր շատ լավ աշխատանքը բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ապա միանշանակ կհամապատասխանի Եվրամիության արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ նշված սկզբունքներին:

«Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված բարփոխումների իրականացմանը: «Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարեւանների նկատմամբ»,- հայտարարել է Ֆյուլեն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ շուտով Արևելյան գործընկերության քաղաքականության ծրագրի մասնակից պետությունների համար ԵՄ-ն հայտարարելու է «Օժանդակություն գործընկերների բարեփոխումներին եւ ներառական աճին» խորագրով երկամյա ծրագրերի նոր փաթեթի մասին, որի շրջանակում «առաջիկա երկու տարիների ընթացքում լրացուցիչ գումարներ կարող են հատկացվել վերջիններիս»:

«Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաեւ ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար»,- հայտարարել է Ֆյուլեն:

© Medialab.am