«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, վերջին շրջանում Ռուսաստանից ամենաբարձր մակարդակներով հիշեցնում են, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև, իսկ Հայաստանից, դարձյալ ամենաբարձր մակարդակով, հայտարարում են, թե Ռուսաստանի հետ որևէ խնդիր չկա, ամեն հարց քննարկել են ու ընտրություն կկատարեն այն ժամանակ, երբ այդ պահը գա: Այս պարագայում Ռուսաստանը նման հայտարարություններով ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայաստանի իշխանություններին:
– Պաշտոնական Մոսկվայից նման հայտարարությունները նշան են այն բանի, որ Ռուսաստանը թուլանում է, իսկ երբ Ռուսաստանը թուլանում է, դառնում է չափազանց նյարդային ու սկսում է նայել այն ուղղություններին, որոնք իր համար շատ կարևոր են, ու կիրառում է կոշտ հռետորաբանություն: Այդ թուլությունը կարելի է հասկանալ, ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վիճակը գնալով վատանում է:
Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը ճիշտ է ձևավորում հարցը. դու չես կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում, այո՛, Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս հարցում, բայց Հայաստանը միասեռ զանգված չէ, պետք է տարանջատենք Հայաստանի իշխանություններին և Հայաստանի հասարակությանը: Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը չի մոռացել Ռուսաստանի դերը 2020-ի պատերազմում ու Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մեջ, երկու սերունդ հետո գուցե մոռանանք, բայց մինչ դա չենք մոռանա: Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, կարելի է ասել, մնում են Մոսկվայի կողմից ամբողջական վերահսկողության տակ: Սրա համար էլ Հայաստանի իշխանությունները իրենց լեգիտիմությունը տեսնում են ոչ թե հասարակության ընտրության մեջ, այլև՝ Ռուսաստանի թույլտվության ու ձեռք տակ:
Իշխանությունները պատրաստ չեն հրաժեշտ տալ Ռուսաստանին, ու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում փոխել ռազմավարական վեկտորը: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հագով կոստյումը շատ ավելի լավ է նստեցնում իր վրա ու չի պատրաստվում որևէ բան փոխել, բայց Հայաստանի ազգային շահը լրիվ այլ բան է պահանջում:
– Եթե Նիկոլ Փաշինյանը իրականում չի ուզում փոխել որևէ բան, ինչպես ասում եք, ապա այդ դեպքում ինչո՞ւ է նույն Նիկոլ Փաշինյանն ասում, թե պատրաստվում են ԵՄ-ին ինտեգրմանը, ու ինչո՞ւ է նույն Ռուսաստանը երկընտրանքի առաջ կանգնեցնում Հայաստանին:
– Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական առաջնորդ է, ինչը հիմա բավականին «մոդայիկ» է, ու առաջնորդները խաղում են խոսքերով, դրա համար Նիկոլ Փաշինյանի խոսքերը չպետք է ընդունել որպես փաստարկ: Պետք է նայել արվող քայլերին, իսկ այդ քայլերը լրիվ հակառակի մասին են խոսում:
– Պարո՛ն Արզումանյան, ստացվում է, որ ռուսական կողմն է՞լ է պոպուլիստական հայտարարություններով հանդես գալիս ու օժանդակում Հայաստանի իշխանությանը:
– Չէ, որովհետև կան ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացներ, ու ԱՄՆ-ն, եվրոպական այլ երկրներ մտադիր են մտնել Հարավային Կովկաս, ու ստացվում է, որ Ռուսաստանը թուլանում է՝ կորցնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը նաև այստեղ, ու ինքը սա շատ լավ հասկանում է: Դրա համար էլ նման հայտարարություններ է անում, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ չմտածի վեկտորը փոխելու մասին անգամ: Բայց ես վստահ եմ, որ եթե գա ընտրության պահը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միանշանակ ընտրելու է ԵԱՏՄ-ն, նրանց գործողությունները սա են ապացուցում, Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանից կախվածությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















