Բելառուսում ընտրություններից հետո ժողովուրդը Լուկաշենկոյից պահանջել է հեռանալ․ Մարդկանց ուժի կիրառմամբ ցրել են փողոցներից․ Լուսանկարներ

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քվերկության արդյունքների հրապարակումը, ինչպես նաև տեղ-տեղ քվեարկության գործընթացը զուգորդվել են ինքնաբուխ բողոքի ակցիաներով։ Բելառուսական ԿՀՀ-ի հրապարակած շատ նախնական արդյունքներով, ընտրություններում առաջատարը գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ըստ նախնական արդյունքների, երկրորդ տեղում է։ Ըստ հրապարակած արդյունքների, Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8 %-ը:

Ամբողջ գիշերվա ընթացքում Բելառուսի տարբեր քաղաքներում, բնակավայրերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացրել, անգամ այն դեպքում, երբ ուժայինները կիրառել են լուսարձակող նռնակներ, արցունքաբեր գազ, նույնիսկ բելառուսական NEXTA տելեգրամ ալիքի հրապարակած լուսանկարների համաձայն, ցուցարարների նկատմամբ հրազեն է գործի դրվել։ Նշվում է բազմաթիվ վնասվածք ստացածների մասին, սակայն պաշտոնական թիվ առայժմ չի հրապարակվել։ Ցուցարարները Լուկաշենկային վանկարկել են՝ «Հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր»։

Տիխանովսկայան բողոքի ակցիայի ամենաթեժ փուլում հանդես եկավ ոստիկանությանն ուղղված կոչով՝ հորդորելով չդիմել բռնության և անցնել ժողովրդի կողմը։ Սակայն այդպես չեղավ․ ողջ գիշերվա ընթացքում ուժայինները ճնշել են բողոքի ակցիաները։Նույնիսկ, առայժմ չհաստատված տեղեկություններով, կան զոհեր։