«Այլասերվածության քարոզչության արգելքի» վերաբերյալ պնդումները կեղծ են

«Այլասերվածության քարոզչության արգելքի» վերաբերյալ պնդումները կեղծ են
«Այլասերվածության քարոզչության արգելքի» վերաբերյալ պնդումները կեղծ են

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսի հանդիպումից հետո մամուլում սկսել է շրջանառվել մի վարկած, ըստ որի, Հայաստանում պատրաստվում են քրեական հետապնդում իրականացնել սեռական անհանդուրժողականության համար։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Քրիստոս Ջիակոմոպուլոսին ընդունել էր մարտի 4-ին և ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարը նաև հայտարարել էր, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ընթացքի մեջ են, «և Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված՝ դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»։

 

Livenews.am լրատվական կայքը, սակայն, անդրադառնալով այս հանդիպմանը, ուշադրություն էր հրավիրել հատկապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի ընդունման կետին՝ առանձնացնելով և մեջբերելով միայն 197-րդ հոդվածը, որը վերաբերվում է խտրականությանը։ Նախագծի այս հոդվածով պատասխանատվություն է ենթադրվում մարդու իրավունքների այնպիսի խախտումների համար, որոնք պայմանավորված են սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, կրոնով, լեզվով, գենետիկական հատկանիշներով։

Ըստ վերոնշյալ կայքի ներկայացման, եթե այս նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, ապա, ըստ էության, Հայաստանում պատժելի է դառնալու «այլասերվածության քարոզչության արգելքը»։ Իրականում, սակայն, նշված պնդումը ոչ միայն անհեթեթ է, այլ նման բովանդակությամբ որևէ քննարկումների մասին որևէ պաշտոնական հրապարակում չկա, և՛ լրատվականի, և՛ նրա հյուրի՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հայտարարությունները հիմնված են անհեթեթ ենթադրությունների վրա։

Ուշագրավ է նաև այն, որ նշված լրատվականն այս թեման ներկայացնում է «Փաշինյանի իշխանությունը Եվրոպայի խորհրդին խոստացել է քրեորեն պատժելի դարձնել այլասերվածության քարոզչության արգելքը» վերնագրով՝ դիմելով ակնհայտ մանիպուլյացիայի և ՀՀ իշխանություններին կապելով ինչ-որ դավադիր գործընթացների հետ։ Ի դեպ, հարկ է նշել, որ վերոնշյալ օրենսդրական նախագծերը նախատեսված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը նախաստորագրվել է 2017 թվականի մարտին՝ ՀՀ նախկին իշխանությունների օրոք։

www.Fip.am