«Թուրքիան առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի կարգավորի». թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

Պարո՛ն Խուդավերդյան, կառավարության հնգամյա ծրագրում նշված է, որ Հայաստանը պատրաստվում է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ, աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս մոտեցումը, և Թուրքիայում նմանատիպ տրամադրություններ կա՞ն:

– Երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային Միությունից, Թուրքիան առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և պատրաստակամություն հայտնեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սակայն, ըստ թուրքական կողմի, այդ ամենը չեղավ, քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր, և թուրքական կողմը հետ կանգնեց իր ծրագրից՝ պայմանով, որ եթե ղարաբաղյան հարցը լուծում ստանա՝ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Բայց հարցն այդպես էլ լուծում չստացավ, ու սահմանը չբացվեց:

2018 թվականին, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, թուրքական կողմը շարունակեց պնդել նույն պայմանները, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, Ցեղասպանության հարցում պետք է կողմերը համաձայնության գան:

Միաժամանակ՝ տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի տարածք, ինչը ենթադրում է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները հարթ չեն, առկա է լարվածություն, չեմ կարծում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա:

– Այսինքն՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու ցանկություն չունի՞:

– Թուրքիան իր նախապայմանները հստակ ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում և համաձայնություն Ցեղասպանության հարցի շուրջ: Միայն այս դեպքում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի: Նրանք սա բազմիցս նշել են, և, կարծում եմ՝ այդ պայմաններից նա հետ չի կանգնի:

– Այդ դեպքում ՀՀ Կառավարության այս մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Խուդավերդյան:

– Հայաստանի Կառավարությունն ինչքան էլ առաջարկներ անի, թուրքական կողմը, միևնույն է՝ սպասում է գործնական քայլերի, այն է՝ իր նշած պայմանների կատարում: Սա ակնհայտ է, ու կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով:

Եթե Փաշինյանի կառավարությունը նշում է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, ապա ասեմ, որ Թուրքիան երբեք առանց նախապայմանների դրան չի գնա:

– Կառավարության ծրագրում նշվում է նաև, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում», և որ իրենք դա օգտագործելու են տարածաշրջանում լարվածությունը լիցքաթափելու համար: Սա ինչպե՞ս կգնահատեք:

– Միջազգային ճանաչում, այո՛, տեղի է ունենում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հարցը դիտարկելիս պետք է նշեմ, որ Թուրքիան չի պատրաստվում ճանաչելու այդ իրողությունը, և եթե կառավարությունը խոսում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, նշանակում է՝ նրանք Թուրքիայի քաղաքականությունը չեն հասկանում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am