Մեղադրական դատավճիռներ՝ առերևույթ պաշտոնեկան հանցագործություններ կատարած քրեակատարողական ծառայողների վերաբերյալ

Հեղինակ MediaLab

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, որ նա, անձնական շահագրգռվածությունից՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեղյակ լինելով, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր՝ միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ:

Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին:

Քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ:  

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջացների էին տեղափոխվել ՔԿՀ տարածք և շրջանառվել:   

Մասնավորապես՝ պարզվել էր, որ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի պահպանությունն իրականացնելու համար սահմանված ժամանակավոր պահակետում ծառայություն իրականացնող՝ պահախմբի ավագ և կրտսեր մասնագետ հանդիսացող՝ նույն հիմնարկի անվտագության ապահովման բաժնի երկու աշխատակիցները, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում նրանց նկատմամբ ևս կայացվել է մեղադրական դատավճիռ: 

Հիշեցնենք, որ հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել էր միջնորդագիր՝ ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Նշված միջնորդագիրը համակողմանի քննարկման է արժանացել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում:

Դրա վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից ստացված գրության համաձայն՝ նմանատիպ երևույթները բացառելու նպատակով անցկացված խորհրդակցությունների ընթացքում ծառայության պետի և տեղակալների կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրվել են դրանից բխող անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոնկրետ ցուցումներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն:

Բացի այդ, տեղեկացվել է, որ ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարությունների գործակցությամբ գործանական միջոցներ են ձեռնարկվել մի քանի խոշոր քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ սկսվել է բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները, ըստ դրանցում բուժում ստացող դատապարտյալների կամ կալանավորված անձանց անվտանգության և պահպանության տեխնիկական չափորոշիչների, վերակառուցելու, վերազինելու գործընթաց: