Ինչու՞ Հայաստանը չի դիմում միջազգային հանրությանը՝ հումանիտար օգնության համար. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Լա՛վ, օրական քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ սթափվենք, քանի՞ մահ պետք է լինի՝ գիտակցելու համար, որ այսպես շարունակվել հնարավոր չէ:
Որքան հանգիստ «Խնդրում» ու «Հորդորում» ենք քաղաքացիներին դիմակ կրել ու պահպանել համավարակի պահպանման կանոնները, որքան խոսում ենք քաղաքացիների իրավագիտակցությունից, նույնքան մեծանում է վարակվածների ու մահերի թիվը:
Որքան խոսում ենք հանրային վերահսկողությունից, նույնքան հանրությունը թքած ունի այդպիսի վերահսկողության վրա:

Լա՛վ, էլ ի՞նչ պետք է լինի, որ պետական մեքենան սկսի աշխատել իր իրավասությունների շրջանակներում, արտակարգ դրությանը բնորոշ գործիքակազմով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ ամենախիստ հարկադրանքի միջոցներով:

Դուք գոնե պատկերացնու՞մ եք, որ Հայաստանը կորոնովիրուսով վարակվածների թվով այսօրվա դրությամբ արդեն գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսին են Ղազախստանը, Դանիան, Հարավային Կորեան, Սերբիան, Իրաքը, Չեխիան, Մոլդովան, Նորվեգիան և այլն…

Լա՛վ, ե՞րբ պետք է Հայաստանի քաղաքացին տեսնի, որ պետություն կա, իշխանություն կա և պետական մարմիններ կան, որոնք խնդրելու, հորդորելու և ԼՈԼՈ կարդալու փոխարեն, անցել են իրենց պարտականությունների կատարմանը:

Սա ի՞նչ կառավարման էքսպերիմենտ է մեր պետության ու հասարակության նկատմամբ:
Ինչու՞ Հայաստանը չի դիմում միջազգային հանրությանը՝ հումանիտար օգնության համար»: