Երկրաշարժից 22 տարի անց. մարդկային անվերադարձ կորուստներից զատ, երկրաշարժից տուժածները կանգնած են բնակարան ստանալ-չստանալու հարցի առջև

Երկրաշարժից 22 տարի անց. մարդկային անվերադարձ կորուստներից զատ, երկրաշարժից տուժածները կանգնած են բնակարան ստանալ-չստանալու հարցի առջև
Երկրաշարժից 22 տարի անց. մարդկային անվերադարձ կորուստներից զատ, երկրաշարժից տուժածները կանգնած են բնակարան ստանալ-չստանալու հարցի առջև

Երկրաշարժից ավելի քան երկու տասնամյակ անց էլ էպիկենտրոն Սպիտակի բնակիչները ցավով ու սարսափով են հիշում այդ օրը` չապաքինված սպիների կողքին դեռևս անլուծելի են մնում բազմաթիվ խնդիրներ, դժվարին` ապրելու պայմանները:
Ճիշտ 22 տարի առաջ` դեկտեմբերի 7-ին, ավերիչ երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց առնվազն 25 հազար մարդու կյանք:
Ավերվեցին ներկայիս Գյումրին և Սպիտակը, մեծ վնասներ կրեցին Վանաձորն ու Ստեփանավանը, բազմաթիվ գյուղեր, անօթևան մնացին տասնյակ հազարավոր մարդիկ:
«Ի՞նչ Սպիտակ, Սպիտակ չէր մնացել, ողջ քաղաքը քարակույտ էր դարձել, կեղտ ու փոշի, փոշուց կարծես արևը խավարած լիներ»,- ասում են հազարավոր մարդկային կորուստ տեսած Սպիտակի բնակիչները:

71-ամյա Քնքուշ Ջուլհակյանը հիշում է, որ երկրաշարժի պահին ինքն աշխատանքի էր: Նա հիշում է, որ «քարե երկինքը փլվեց մարդկանց գլխին»:

«Դրմբոցից ոտքի կանգնեցի ու էլ բան չեմ հիշում,- պատմում է նա: -Մոտավորապես 3 ժամ հետո ձեռքիս ցավից արթնացա: Աչքս բաց արի՝ մութ ու խավար էր, ոնց որ ծխի մեջ»:

Առաստաղը փլվել, ու թափվող քարերն իրենց հետ սեղանի տակ էին գցել Քնքուշին` ձեռքը թողնելով սեղանի վրա՝ քարի տակ:

Ուշքի գալուց հետո հասկացել է, որ եթե դանդաղի, մյուս քարերն էլ կընկնեն ձեռքին, ու քանի դեռ ողջ է, պետք է դուրս գա փլատակներից:

«Շատ էի ուզում ապրել, ձեռքս կամաց քաշեցի, քերծելով հանեցի, մաշկս ամբողջությամբ պոկվել էր»,- ջարդված ձեռքն է ցույց տալիս Քնքուշը:

Նրա ամուսինն էլ՝ 75-ամյա Ռաֆայել Ղոչինյանը, պատմում է, որ եթե հիվանդանոցից կես րոպե ուշ դուրս գար, ինքն էլ մյուսների նման կմնար փլատակների տակ ու անհայտ է՝ ի´նչ կլիներ հետո:

«Փոթորիկը, տրաքոցը, գմփոցը` մի վայրկյանում խլացրին ամեն ինչ: Երեք տղա կային ճամփի վրա, իրար ձեռք ենք բռնել ու պառկել գետնին, որ ցնցումից քարերին չզարկվենք»,- հիշում է Ռաֆայել պապը, ով մինչ օրս երազում տեսնում է, թե ինչպես է գետինն իր երախը բացում ու փակում:

«Մորս կորցրի, փեսուս, փեսուս երեխան մահացավ»,- հուզված պատմում է Ղոչինյանը՝ փառք տալով Աստծուն, որ երկու աղջիկներն այդ օրը Երևանում էին:

Երկրաշարժից շատերի նման ամուսիններն էլ կորցրին իրենց 2 սենյականոց տունը և հայտնվեցին վագոն-տնակում:

Սակայն հետո վաճառեցին ունեցած ոսկեղենն ու գնեցին ներկայիս փայտե ժամանակավոր կացարանը, սեփականաշնորհեցին ու իրենց անկյունն ստեղծեցին՝ հույսով, որ մի օր տուն կստանան:

Որդին կնոջ ու երկու տղաների հետ՝ որպես առանձին ընտանիք, մնում է վագոն-տնակում:

Բնակարան կորցրած սպիտակցի 70-ից ավելի ընտանիքների նման, 22 տարի անց էլ Ղոչինյանները հայտնվում են անհույս կացության մեջ. նրանց այս տարվա հունիսին բնակարանների հերթացուցակից հանում են:

Ցուցակներից դուրս մնացած ընտանիքները հույս ունեն, որ իրենց կորուստները ևս կհարգվեն, և իրենք էլ տարիներ շարունակ դժվարին տնակային պայմաններում ապրելուց հետո, շատերի նման նորմալ բնակարան կունենան:

«Ասում են՝ դուք սեփականաշնորհված ունեցվածք ունեք, ձեզ տուն չի հասնում, բայց չէ՞ որ մենք տուն ենք կորցրել, շատ բան չենք ուզում, մեր կորցրած բնակարանի փոխարեն մեզ տուն տվեք»,- դժգոհում են Ղոչինյանները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը «Մեդիալաբին» ասում է, որ 70-ից ավելի ընտանիքներին հերթացուցակներից հանելը պատճառաբանվում է տվյալ ընտանիքի անդամների՝ բնակարանային պայմանները բարելավմամբ: Նա ասում է, որ կան քաղաքացիներ, ովքեր տարիների ընթացքում ինքնակամ կառուցել են քարե շինություններ, ժամանակի ընթացքում սեփականաշնորհել ու օրինականացրել, շատ դեպքերում դրանք ոչ թե քարե շինություններ են, այլ տնակներ:

«Խնդիրն այն է, թե արդյոք դա բարելավո՞ւմ է, կամ բարելավում բառի տակ կառավարությունն իր որոշմամբ ի՞նչ նկատի ունի,- հարցնում է իրավաբանը: – Բարելավվել է պետակա՞ն, թե՞ տվյալ անձի միջոցների հաշվին, կամ արդյոք ընտանիքի բոլո՞ր անդամներն են բարելավվել, թե՞ մեկը»:

Այվազյանների վեց հոգանոց ընտանիքն էլ է երկրաշարժից 2 սենյականոց բնակարան կորցրել, սակայն նրանց էլ են հերթացուցակներից հանել:

20 տարի վագոն-տնակում ապրելուց հետո հույսը կորցրած ընտանիքը երկու տարի առաջ տեղափոխվել է 1981-ին կառուցված վթարային քարե տնակ:

«Ճարներս կտրած` տեղափոխվեցինք այստեղ, վագոն-տնակի ցուրտ ու սառը գետնից եկանք-մտանք ճաքճքված պատեր ունեցող այս տունը»` այսպես կոչված սեփականաշնորհված տան ճաքճքված պատերն է ցույց տալիս 63-ամյա Լյովիկ Այվազյանը, ում երեխաներն ամեն օր վախենում են. մի ցնցում, և այս տունն էլ կհավասարվի հողին:

«Վախենում եմ քարե շենքերից, վախենում եմ, երբ երեխաներս դպրոց են գնում»,- ասում է Լյովիկի դուստրը՝ 37-ամյա Լուսինեն, ով երկրաշարժի ժամանակ դպրոցում է եղել ու մնացել փլատակների տակ:

«Մեր դասարանից երեք հոգու հանեցին, արդեն մահացել էին, երբեք չեմ մոռանա, հնարավոր չէ մոռանալ»,- ասում է Լուսինեն:

Արայիկ Զալյանն ավելացնում է, որ եթե այս մարդիկ մինչ հունիս եղել են հերթացուցակներում, ուրեմն նրանց համար բնակարան է կառուցվել:

«Այդ դեպքում ո՞ւմ են տալու էդ բնակարանները, բարելավում բառով 70-ից ավելի ընտանիքի բնակարանով ապահովելու հարցն առկախ են թողնում»,-մտահոգություն է հայտնում իրավաբանը:

Կառավարության՝ աղետի գոտու զարգացման ծրագրով բնակարանով պետք է ապահովվեն անօթևան մնացած ընտանիքները: Ծրագրով մինչև 2012

թվականի ավարտը նախատեսվում է լուծել Շիրակի և Լոռու մարզերի

անօթևանների բնակարանային խնդիրը:

«Քանի որ ծրագիրն անօթևանների համար է, բնակարանով են ապահովվում միայն անօթևանները: Նրանք, ովքեր անցած տարիներին տուն են գնել կամ ձեռք բերել, այս ծրագրի շահառուները չեն»,- պարզաբանում է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Համաձայն կառավարության որոշման` աղետից տուն կորցրած այն ընտանիքները, որոնք անցած տարիներին սեփական բնականարան են ձեռք բերել, դուրս են մնում ծրագրից:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է քաղաքապետը, այս ընտանիքները Սպիտակի բնակարանային հերթացուցակում կշարունակեն մնալ այնքան ժամանակ, մինչև, հնարավորության դեպքում, պետությունը նրանց փոխհատուցում հատկացնի կորցրած տան դիմաց:

Անցած տարիներին Սպիտակում 1950 բնակարան է կառուցվել: Այս տարի պետական միջոցներով 220 անհատական տուն կառուցվեց: Սպիտակի բնակարանային հերթացուցակում մնում է 134 ընտանիք:

Ներկայումս ողջ Լոռու մարզում շուրջ 2000 ընտանիք անօթևան է:

Անուշ Բուլղադարյան

Սպիտակ

© Medialab.am