Արցախի ԱԳՆ-ն հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ:

«Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան:

Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող  եկեղեցիների և հուշարձանների  պատերից։ Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:

Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ   խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Կոչ ենք անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ»,- ասված է հայտարարությունում: