Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր դադարեցնում են քաշի նվազեցման համար նախատեսված Մունջարո դեղամիջոցի ընդունումը, ժամանակի ընթացքում ոչ միայն կրկին քաշ են հավաքում, այլ նաև հետ է գալիս այն առողջական դրական փոփոխությունների մեծ մասը, որոնք ձևավորվել էին բուժման ընթացքում։ Դրանք ներառում են արյան ճնշման նվազումը, «վատ» խոլեստերինի իջեցումը և արյան շաքարի բարելավված վերահսկումը։
Surmount-4 կլինիկական փորձի ընթացքում մասնակիցները 36 շաբաթ ստացել էին տիրզեպատիդ՝ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության աջակցությամբ։ Այնուհետև նրանց կեսը շարունակել էր դեղը ևս մեկ տարի, իսկ մյուս կեսը ստացել էր պլացեբո։ Վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր դադարեցրել էին դեղը և այդ ժամանակ արդեն նվազեցրել էին իրենց մարմնի քաշի առնվազն 10 տոկոսը, մեկ տարի անց այդ կորստի առնվազն քառորդը վերադարձրել էին․ միաժամանակ վատացել էին ճնշման, խոլեստերինի, արյան շաքարի և գոտկատեղի ցուցանիշները։
Գլազգոյի համալսարանի սրտանոթային և նյութափոխանակային բժշկության մասնագետ Նավիդ Սաթթարը նշում է, որ արդյունքները սպասելի էին, քանի որ ավելորդ քաշը ինքնին բարձրացնում է այս ռիսկերը, և քաշի վերադարձով դրանք նույնպես վերադառնում են։
Հետազոտությունն ընդգծում է, որ Մունջարոյի ազդեցության պահպանումը պահանջում է երկարաժամկետ մոտեցում, առողջ կենսակերպ և, անհրաժեշտության դեպքում, շարունակական բուժում, քանի որ դադարեցումը արագ վերադարձնում է նախնական խնդիրները։



















