«Հուսալքվելը բերում է նրան, որ ապակողմնորոշում է մարդու միտքը, ավելի զգոն պետք է լինել բոլոր հարցերում». Հոգեբան

Պատերազմը, արտակարգ դրությունը և յուրաքանչյուր նմանատիպ իրադրություն անպայմանորեն մարդկանց օրգանիզմի վրա վրա բացասաբար են անդրադառնում: Դրանք կարող է խոր հետևանքներից մինչև տրամադրության փոփոխություններ լինել: Այս մասին «Մեդիալաբին» ասում է Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

«Տարբեր մարդիկ տարբեր արձագանքի ձևով են ներկայանում՝ իրենց պրոբլեմներով: Կապված է՝ ինչ խորությամբ և ուժգնությամբ պրոբլեմ է առաջ եկել: Եթե դա այնպիսի հարց է, որը պահանջում է մասնագիտական աջակցություն, այդ դեպքում պետք է դիմել մասնագետի, հոգեբանի:

Եթե մարդը անհանգիստ է, անքնություն է ունենում, տրամադրության անկում է զգում, սկսում է փնտրել ինֆորմացիայի տարբեր աղբյուրներ և ընկնում է այն աղբյուրների ազդեցության տակ, երբ չի կարողանում հաղորդակցվել, ուզում է մեկուսանալ, սիմպտոմները կարող են ավելին լինել, այդ դեպքերում, անպայման իմաստ ունի դիմել մասնագետի»,- ընդգծում է հոգեբանը:

Մասնագետի խոսքով՝ կան բավական քանակով կենտրոններ, որտեղ կարելի է աջակցություն ստանալ:

«Արդեն մեկ շաբաթ է և եթե ոչ ավելի լինում են այցելություններ տարբեր տիպի հիվանդանոցներ, հոսպիտալներ: Հայկական հոգեկան առողջության ասոցիացիան ՊՆ-ի հետ զբաղվում է զինվորներին այցելելով, որոնք վիրավոր են և այլն: Նաև կա աջակցության ուղղություն, որը կապված է Արցախից Հայաստան եկած երեխաների և մայրերի հետ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ: Թիրախավորել են անգամ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում: ՊՆ-ի տեղեկացմամբ՝ հրադադարից առաջ ուժգնացել են հակառակորդի գործողությունները: Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Հոգեբանն ասում է, որ պատերազմի պայմաններում մոտեցումները, անելիքները ուրիշ որակ են ստանում, պետք է զգոն լինել, խուճապի չմատնվել և, ամենակարևորը՝ չհուսալքվել. 

«Մի բան է, որ դու հասկանում ես, որ պատերազմում ես ապրում, ուրիշ բան է, որ պատերազմը կողքիդ է, բայց քեզ չի դիպչում, բայց մենք ապրում ենք պատերազմի պայմաններում:

Հուսալքվելը բերում է նրան, որ ապակողմնորոշում է մարդու միտքը, ավելի զգոն պետք է լինել բոլոր հարցերում:

Մենք պետք է հասկանանք, որ եթե պատերազմ է, ուրեմն հակառակորդը ամեն ինչ անում է, որպեսզի ապակողմնորոշի, խուճապի մատնի, և շատ քանակով ոչ ճշգրիտ կամ կիսասուտ է հավաքվում, և որը կարող է նաև մեզ վնաս հասցնել:

Միայն պետական աղբյուրներից է պետք օգտվել, որովհետև մեր թշնամին, ինչպես նաև ներսում կան էդպիսի դեպքեր, որ խուճապի մատնված՝ լսածը ներկայացնում են որպես իրականություն»:

Արփինե Արզումանյան

MediaLab.am