«Ռուսաստանին չեն կարող դուր գալ Հայաստանի բանակցությունները Իրանի հետ, որոնք կոտրում են գազային մոնոպոլիան». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանին չեն կարող դուր գալ Հայաստանի բանակցությունները Իրանի հետ, որոնք կոտրում են գազային մոնոպոլիան». Ստյոպա Սաֆարյան
«Ռուսաստանին չեն կարող դուր գալ Հայաստանի բանակցությունները Իրանի հետ, որոնք կոտրում են գազային մոնոպոլիան». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման նպատակով գազ ձեռք բերելու համար։ Այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի էներգետիկ համակարգի վթարը։ Եթե հաշվի առնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը տնօրինում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, կարո՞ղ ենք կապ տեսնել հայկական կողմի հայտարարությունների ու այս վթարի միջև։ Ռուսական կողմը կարո՞ղ է կապ ունենալ այս դեպքի հետ։

– Վարկածներ կարող ենք առաջ քաշել։ Այո՛, շատ հետաքրքիր քաղաքական կոռելյացիաներ ստացվեցին, մանավանդ որ բացատրություններն ամենևին համոզիչ չէին։ Եթե հիշում եք, հենց վթարի օրը Բաշխիչ էլեկտրական ցանցերի տարածած հայտարարությունը շատ տարօրինակ էր, վերաբերում էր զանգվածային պլանային հոսանքազրկումներին, որը ամենևին համոզիչ չէր։ Եվ այս կտրվածքով եկեք չմոռանանք, որ գազային պայմանագրերի մեջ անթաքույց է Հայաստանում գազի ներկրման մենաշնորհ ունենալու հանգամանքը։

Ի վերջո պարզ է, որ Հայաստանի Կառավարության երազանքը չի եղել մենաշնորհ տալ մեկին և զրկվել այլընտրանքից։ Հասկանալի է, որ Հայաստանի էներգետիկ շուկայում մենաշնորհ ունենալը ռուսական կողմի ամենաբաղձալի նպատակներից մեկն է, և հանուն այդ նպատակի՝ էներգետիկ կարողությունների տոտալ ձեռքբերում՝ և՛ բաշխիչ ցանցի, և՛ էներգիա արտադրող բոլոր ձեռնարկությունների՝ ատոմակայանից մինչև հիդրոէլեկտրակայաններ և այլն։

Հետևաբար, Իրանի հետ բանակցությունները կարծես թե չպետք է դուր գային ռուսական կողմին, հատկապես գազային էլիտային, որովհետև դա ջարդում է այդ մոնոպոլիան։ Եվ հետևաբար, այո՛, այդ վարկածը ոչ միայն գոյության իրավունք ունի, այլ նաև ակնհայտորեն ամենահավանական վարկածներից մեկը պետք է դիտարկվի, որովհետև ռուսական կողմին չէր կարող դուր գալ Հայաստանի Կառավարության այդ ինքնուրույն քայլերը։ Եվ ՀՀ քննչական մարմիններն ու ազգային անվտանգության ծառայությունը չպետք է այդ վարկածն անտեսեն։

– Հայկական կողմի այս դիրքորոշումը՝ Իրանից գազ գնելու հարցի վերաբերյալ, որքանո՞վ է կարևոր այսօրվա իրավիճակում։

– Նախորդ տարեվերջին, եթե հիշում եք, նույն «Գազպրոմը» թեթևակի շանտաժ արեց Հայաստանին գազի թանկացման հարցով։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվեցին, որ սահմանին գազը թանկանում է, բայց ներսում սպառողների համար չի թանկանում։ Նախկին իշխանությունները, գազային պայմանագրերը կնքելով, մեզ հավաստիացնում էին, թե դրանով գազի գնի երկարաժամկետ կայունության խնդիր են լուծում, բայց ակնհայտ դարձավ, որ այդ պայմանավորվածությունները զրո են։

Ռուսական կողմն ինքը չի հարգում այդ պայմանավորվածությունները, առավել ևս կրկին արժե հիշեցնել, որ գազային և նավթային պայմանագրերը «Գազպրոմի» ու «Ռոսնեֆտի» հետ հենց Վլադիմիր Պուտինի կողմից համարվեցին որպես ընծա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշման դիմաց։ Պուտինը հենց այդպես էլ հայտարարեց, որ այդ պայմանագրերը լավ պայմաններով Հայաստանի հետ կնքվել են Հայաստանի այդ որոշման համար։

Հիմա Հայաստանի Կառավարությունը տեսնում է, որ այդ պայմանագրերի հետ կապված չգրված քաղաքական պայմանավորվածությունները խախտվում են, և խախտում են ռուսական կողմից։ Եվ Հայաստանին տրված երաշխիքը, որ գազը երկարաժամկետ կայուն գնով է մատակարարվելու, չի պահպանվում։

Հետևաբար, Հայաստանի Կառավարությանը ոչինչ չի մնում, քան գտնել այլընտրանքային աղբյուրներ, և ամենամոտ ու հասանելի տարբերակը իրանական գազն է։ Հետևաբար, այո՛, դա միանգամայն համարժեք պատասխան է Ռուսաստանի կողմից քաղաքական պայմանավորվածությունները միակողմանիորեն խախտելու դիմաց։

– Ռուսաստանը կփորձի՞ քայլեր ձեռնարկել՝ այդ այլընտրանքի դեմն առնելու համար։

– Ես կարծում եմ՝ ռուսական կողմն ունի մի քանի ճանապարհ, որոնցից մեկն է՝ չգնալ թանկացումների և Հայաստանին շանտաժի ենթարկելու ճանապարհով։ Այդ դեպքում միգուցե Հայաստանը նաև չշարժվի իրանական գազ ձեռք բերելու ուղղությամբ։ Իսկ եթե ռուսական կողմը գնաց այդ շանտաժին, բնականաբար, Հայաստանը պետք է այլընտրանքային աղբյուրներ ստեղծի։

– Երկար ժամանակ է՝ ընթանում են գազի հարցով բանակցությունները, բայց հստակ որոշում դեռ չկա, այսինքն՝ պե՞տք է հստակ դիրքորոշում հայտնեն։

– Այո՛, ռուսական կողմն այս երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրի։ Կա՛մ Հայաստանի ձեռքերն ազատում է, և Հայաստանը գազային նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում Իրանի հետ, կա՛մ էլ ի վերջո հարգում է սեփական չգրված քաղաքական պարտավորությունները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am