Ֆրանսիայում աշակերտների բողոքները շարունակվում են․ ավելի քան 6600 բերման ենթարկված, շուրջ 1000 տուժած

Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, իսկ տուժածների թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկան, 215 աշակերտ և դպրոցների 89 աշխատակից»,- հայտնել է Նունյեսը խորհրդարանական լսումների ժամանակ։

Ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն ավելի վաղ հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ուսումնական հաստատությունների շենքերի վնասման հետևանքով ավագ դպրոցների շուրջ 30 հազար աշակերտ մի քանի շաբաթ չի կարողանա հաճախել դասերի։

Բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին Իլ-դե-Ֆրանս շրջանում և հետագայում տարածվել ամբողջ երկրով։ Աշակերտները դժգոհում են գերբեռնված դասացուցակներից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։

Որոշ քաղաքներում ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։ Բերման ենթարկվածների գրեթե 90 տոկոսն անչափահասներ են։