Կորոնավիրուսի ագրեսիվությունը նաեւ պայմանավորված է ժողովրդի վիճակով. պատերազմ է, ճնշված են, չեն ուզում հիվանդանոց գնալ. Բժիշկը խնդրում է զգոն լինել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Կարեն Տոնոյանը

– Պարո՛ն Տոնոյան, այսօր գրանցվեց կորոնավիրուսի հաստատված դեպքերի ռեկորդային թիվ՝ շուրջ 2213: Վերջին օրերին ամեն օր ռեկորդային թվերին փոխարինելու են գալիս ավելի մեծ հակառեկորդներ։ Ինչո՞ւ։

– Այս ամենը պայմանավորված է մեր ժողովրդի կողմից կանոնները չպահպանելու և պատերազմական իրավիճակում լինելու հետևանքով։ Վիրուսը շատ արագ տարածվում է սերտ շփման հետևանքով, դե, պատերազմ է, դժբախտ դեպքեր են լինում, հոգեհանգստյան արարողություններ, հուղարկավորություններ, որոնց հետևանքով շփումը մեծանում է, դա էլ տարածման պատճառ է դառնում: 

– Տևական ժամանակ է, հատկապես ռազմական դրություն հայտարարելուց ի վեր, մեր բազմաթիվ հայրենակիցներ սկսել են անտեսել կորոնավիրուսային վտանգը։ Փողոցներում, հանրային վայրերում ավելի շատ ենք տեսնում առանց դիմակի մարդկանց, և որևէ վերահսկողություն չկա։ Եվ միայն երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ անցնում է հատուկ խիստ ռեժիմի։ Արդյոք այս քայլը ուշացա՞ծ չէ։

– Գիտեք ինչու չեմ մտածում, որ ուշացած է, որովհետև ոստիկանության ուժերին էլ պետք է հասկանալ, բազմաթիվ ոստիկաններ, մեր զինվորի կողքին կանգնած, փորձում են մեզ օգնել առաջնագծում։ Դրա համար կարծում եմ, որ հարգելի պատճառով էր, բայց հիմա որ ավելի խստանա, այս թվերը կսկսեն նվազել, որովհետև շատ սարսափելի թվեր են դառնում։

– Մի կողմից պատերազմը՝ բազմաթիվ վիրավորներով և բուժօգնության կարիք ունեցող մարդկանցով, մյուս կողմից՝ կորոնավիրուսի թռիչքաձև աճող թվերը ծայրագույն վիճակի մեջ են դրել առողջապահության համակարգը։ Ի՞նչ է կատարվում ներսում։ Հասցնո՞ւմ եք բուժօգնություն ցույց տալ մարդկանց։

– Հասցնում ենք, բայց, կարելի է ասել՝ ի հաշիվ մեր առողջության և տանջանքի։ Իհարկե փորձում ենք այնպես անել, որ բոլորին համարժեք բուժօգնություն լինի։ Ուղղակի այս հոգեբանական վիճակը մեզ նույնպես շատ է խանգարում, երբ սահմանին կա զինվոր, ու մենք էլի պետք ենք, բայց մեր ծնողները, տատիկներն ու պապիկները հիմա տանջվում են այս չարաբաստիկ վիրուսի պատճառով։

– Շա՞տ են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ, ի՞նչ տարիքի են:

– Ցավոք սրտի, այո՛, շատացել են։ Սկզբնական շրջանում, երբ պիկ եղավ, այդ ամիսներին և՛ ավելի մեծերին էր ախտահարում, և՛ ծանր դեպքերը շատ չէին, գուցե հիմա քանակն է շատացել, և ծայրահեղ ծանրերինը՝ նույնպես։ Հիվանդության որոշակի երիտասարդացում ենք նկատում, այսինքն՝ երիտասարդներն էլ արդեն ավելի շատ են ախտահարվում, եթե նախկինում 70 էր, հիմա արդեն 60, 55 տարիքն է, ու շատ ծանր են տանում։

– Մենք տեսնում ենք, որ հիվանդությունից մահացող մարդկանց թվի աճ է նաև գրանցվում՝ այսօր 12, օրեր առաջ՝ 20 մահվան դեպք եղավ, մահվան դեպքերի աճը ինչո՞վ է պայմանավորվում։

– Իմ գնահատմամբ՝ մահացությունը նույնիսկ որոշակիորեն նվազել է. եթե նախկինում 700 դեպքից էինք ունենում 14-15 մահ, այսօր 2500-ից ունենք 14-15 մահ։ Ճիշտ է, վերջին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին շատացել է թիվը, բայց տոկոսային առումով, կարծում եմ՝ մահերի քանակը ավելի քիչ է։

– Հիվանդությունը առաջվա պես նույն ագրեսիվությա՞մբ է ախտահարո՞ւմ օրգանիզմը, թե՞ ավելի է թուլացել։

– Այո՛, նույն կերպ ագրեսիվ է, բայց ագրեսիվությունը պայմանավորված է մեր ժողովրդի հոգեվիճակով, ավելի ճնշված են, ավելի անհամբեր են, չեն ուզում հիվանդանոց գալ, հարազատ է զոհվում, երկրում պատերազմ է, ավելի շատ սա է պատճառը, որ ավելի ագրեսիվ է։

– Արդյոք հնարավո՞ր է հասնենք մի փուլ, երբ բուժհաստատություններում սելեկտիվ ընտրություն կկատարվի՝ ում՝ բուժել, ում ոչ՝ հաշվի առնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

– Մտածում եմ, որ նման բան չի լինի։ Ինչքան էլ շատանա, մենք պայքարում ենք և՛ 90 տարեկան տատիկի, և՛ 18 տարեկան մեր քույրերի և եղբայրների համար։ Մենք ավելի լավ է մի գիշեր տուն չգնանք, ավելի երկար աշխատենք, բայց բոլորն էլ հավասար են, բոլորն էլ իրավունք ունեն օգնություն ստանալու։

– Իսկ մահճակալային ֆոնդը և արհեստական շնչառության սարքերը բավականացնո՞ւմ են։

– Այո՛, դե մահճակալային ֆոնդը, եթե ունենք 500 մահճակալ, 501-րդ չի կարող ընդունել, հիվանդանոցը այսօր ամբողջությամբ լիքն է։ Առավոտյան, ցերեկվա ընթացքում դուրսգրումներ են լինում ու ազատված մահճակալները շատ արագ լրացվում են, նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում, որ պետք է 10 տոկոս տեղ ունենա ներսի հիվանդների համար, այդ տեղերը չկան։

Մահճականերից ավելի թվով հիվանդ չենք կարող ընդունել, այո՛, դա արդեն ձեր ասած սելեկցիան է լինելու։ Թեթև մարդը, որը նախկինում շատ փոքրիկ թոքաբորբով գալիս էր, հոսպիտալացվում էր, հիմա կարող է դիմել պոլիկլինիկա, այսօր այդ համակարգը լավ է աշխատում, պոլիկլինիկական համակարգի միջոցով տան պայմաններում կարող են բուժում ստանալ։

Ցավոք սրտի, վիրուսն ինքը դեռևս բուժում չունի, մարդու օրգանիզմն է բուժում վիրուսը, բժշկությունը, դեղորայքը, սարքավորումները, տեխնիկան օգնում են օրգանիզմին պայքարելու վիրուսի դեմ և բարդությունները, որ առաջանում են, լուծվեն: Բայց գոյություն ունեն բարդություններ՝ ի թիվս թրոմբոզի, և մահացության մեծ մասը դրանով է պայմանավորված։ Դա շատ լուրջ բարդություն է, որի դեմ պայքարելը անչափ դժվար է։

– Ավելի վաղ դիմելու դեպքում հնարավո՞ր է ավելի թեթև տանել հիվանդությունը։

Իհարկե, ավելի շուտ դիմելը շատ ավելի արդյունավետ է և շատ ավելի հեշտ հիվանդության դեմ պայքարել, քան ուշացնելու, բարդություններ զարգացնելու, խորացնելու դեպքում:

– Սթափության ի՞նչ կոչով կուզեիք դիմել մարդկանց։

– Խնդրում եմ մեր բոլոր շատ սիրելի քույրերին և եղբայրներին, ծնողներին, տատիկներին և պապիկներին՝ մտածե՛ք մեր զինվորների մասին, մենք՝ բժիշկներս, պետք ենք մեր զինվորներին՝ ավելի շատ օգնելու նրանց։

Պահպանե՛ք տարրական՝ ձեռքերը լվանալու, դիմակ կրելու, հեռավորություն պահպանելու կանոնները, և այս վարակը ինքն իրեն կվերանա, ու նույնիսկ չենք նկատի։

Արփինե Արզումանյան 

MediaLab.am