Թուրինի համալսարանի սեմիոտիկայի դասախոս ՈՒգո Վոլլին հանդես է եկել «Արվեստը և ցեղասպանությունը» վերնագրով հոդվածով, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուգո Վոլիի հոդվածը.
Արվեստը և ցեղասպանությունը
Կարո՞ղ է արդյոք արվեստը որևէ բան ասել ցեղասպանության վերաբերյալ։ Անհրաժեշտ է ավելի արմատական հարց ուղղել. «Հնարավո՞ր է արդյոք զբաղվել արվեստով ցեղասպանությունից հետո»: 1949 թվականին հրեական ծագմամբ գերմանացի հանրահայտ փիլիսոփա և երաժշտագետ Թեոդոր Վիզունգրունդ Ադոռնոն բացասական պատասխան էր տալիս՝ ասելով. ««Աուշվից»-ից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսական ակտի է նման»։
Շատ արվեստագետներ, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով ցեղասպանության զոհ են դարձել, իրենց մեջ անշուշտ կրել են անկարողության այդ զգացումը, որը լիովին անհնարին է դարձնում արարելու իրենց մղումն ու կոչումը։ Նման ամենահայտնի դեպքերից է 1900-ականների մեծ բանաստեղծ Պոլ Սելանի դեպքը, ով Շոայից մազապուրծ է լինում, սակայն, ի վերջո ինքնասպանություն է գործում Փարիզում 1970 թվականին: Նույն ճակատագրին են արժանանում նաև Պրիմո Լևին և Բրունո Բեթելհեյմը:
1939 թվականին, սակայն, Բերտոլդ Բրեխտը իր հայտնի բանաստեղծության մեջ այդ հարցին պատասխանի ակնարկ է անում` «Կերգե՞ն արդյոք մութ ու դաժան ժամանակներում։ Կերգեն մութ ու դաժան ժամանակների մասին»: Ցեղասպանության՝ բացարձակ չարիքի մասին խոսելը պարտականություն է, որը դաժան արհավիրքից հետո հաղթահարում է դժվարությունը, ազնիվ մղումով արարվող արվեստի գործի թվացյալ անիմաստության և անօգտակարության ընկալումը:
Եվ դա իրոք այդպես է, քանի որ հաղորդակցումը հիշողության նախադրյալն է, հիմնաքարը, իսկ հիշողությունը միակ կանխարգելող զենքն է այնպիսի ահռելի ու սարսափելի հանցագործության դեմ, ինչպիսին մի ամբողջ ժողովրդի նպատակամղված ու շարունակական բնաջնջումն է, այսինքն մշակույթի, հասարակության, պատմության ոչնչացումը, ինչպես նաև մարդկանց զանգվածային սպանությունը, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես մշտապես համարել են իմաստուններն ու բարեպաշտները, «մի յուրօրինակ աշխարհ է»:
Ցեղասպանության հիշողության պահպանման և դրա մասին խոսելու պարտականությունն ընկնում է բոլորիս ու մեզանից յուրաքանչյուրի վրա, բայց հատկապես արվեստագետների վրա, քանի որ այն, ինչ նրանք ձգտում են փոխանցել ու արտահայտել իրական արվեստին հասնելու համար, պետք է անհրաժեշտությամբ թելադրված լինի, պետք է տա արվեստի ընձեռած հնարավորությունից, հաճույքից ու վայելքից, շուկայական հարաբերություններից և արվեստագետի իր կոչումից վեր կանգնած իմաստալից հարցի պատասխանը:
Ուրեմն, արվեստագետը կանգնած է «մութ ու դաժան ժամանակներում երգելու» առաջադրանքի առջև:
Այս առաջադրանքը վերաբերում է բոլոր ցեղասպանություններին, որոնք պատմության մեջ, ցավո՛ք, քիչ չեն: Այն անհրաժեշտ է հատկապես այն ցեղասպանությունների հիշողության պահպանման համար, որոնք թաքցվում են, համառորեն ժխտվում են ու կոծկվում են պետության կողմից՝ փորձելով մեղադրել զոհերին իրենց իսկ ողբերգության համար՝ երբեմն վերջիններիս բնորոշելով որպես կեղծարարներ:
Բոլոր ժամանակակից ցեղասպանությունները՝ այսինքն սկսած այն ժամանակներից, երբ գոյություն ունեն լրագրություն, հանրային կարծիք, միջազգային արդարադատություն, ծրագրված են, պատվիրված և իրականացված են գաղտնի կամ կիսագաղտնի կերպով, որպեսզի կարողանան ոճրագործներին երաշխավորել առավելագույն անպատժելիություն:
Սա տեղի է ունեցել հատկապես հայերի ցեղասպանության դեպքում, երբ թուրքական պետությունը փորձեց ոչ միայն ամեն գնով ժխտել իրականությունը, այլև շատ գործուն կերպով ջնջել ցեղասպանության հետքերը:
Հարկավոր է կարդալ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» պատմական գիտահանրամատչելի ժանրի գործը (որը վերջերս «Գուերինի» հրատարակչատան կողմից արժանիորեն թարգմանվել է նաև իտալերեն), որպեսզի հասկանալի լինի, թե թուրքական պետական կառույցները մեկ դար շարունակ, տարբեր ռեժիմների օրոք (բացառությամբ Առաջին համաշխարհային պատերազմում պարտությանը հաջորդած երկու-երեք տարիների), որքան հեռուն գնացին՝ վարելով ոչ միայն ժխտողականության և ցեղասպանության թեման հանրային գիտակցությունից ու դիսկուրսից դուրս մղելու քաղաքականություն, այլև դիմեցին ապացույցների ոչնչացմանը, առաջին հերթին հենց իրենց՝ թուրքական պետական պաշտոնական փաստաթղթերի ոչնչացմանը:
Հանցագործ լռության և ոճրագործությունը թաքցնելու այս քաղաքականության պայմաններում չափազանց կարևոր է, որ իրենց խոսքն ասեն մտավորականներն ու արվեստագետները, դա ունի այնպիսի մեծ կարևորություն ունեցող պատմական գործառույթ, որը լիովին արդարացնում է «մութ ու դաժան ժամանակների երգի» դժվարությունն ու դառնությունը, բացառելով անօգտակարության, ավելորդության, անիմաստության վտանգը, արվեստը զուտ առևտրային խաղերի առարկա դարձնելու սպառնալիքը, որի հետ բախվում է արվեստը հատկապես պոստմոդեռն հասարակությունում:
Այստեղ, սակայն, կա շատ ավելի կարևոր մի հանգամանք ևս, որն էլ ավելի է կարևորում ու արժևորում արվեստի ասելիքը (ինչպես էլ որ այն արտահայտվի՝ բառերի, պատկերների ու ստորագրությունների, նկարահանումների կամ հնչյունների միջոցով):
Սա վերաբերում է այն դեպքին, երբ ցեղասպանությունն ընթացքի մեջ է, շարունակվում է: Ցեղասպանության ժխտումն արդեն իսկ դրա անվերջ շարունակությունն է, ինչպես փորձեցինք դա ապացուցել Մարտինա Կորնյատիի հետ «Անվերջ ցեղասպանությունը» գրքում, որը մի քանի տարի առաջ նույնպես հրատարակվել է «Գուերինի»-ի կողմից:
Ժխտված ցեղասպանությունը պետք է ոչ միայն ջնջի դրա մեղավորների հետքերը, այլ նաև դրա զոհերի հետքերը, զոհեր, որոնք մի ամբողջ ժողովուրդ են, այլ ոչ առանձին անհատներ, և ուրեմն պետք է վերացնի նրանց մշակույթը, բառացիորեն՝ մասնատի ու հողի տակ թաղի այն: Ցեղասպանության այս հատկանիշի առումով նույնպես հայերը արդի ժամանակաշրջանի ամենահայտնի զոհերն են համարվում:
Հայկական բարձր արվեստի հետքերը, որ սփռված էին այն տարածքներում, որոնք այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հսկողության տակ են, պարբերաբար ավերվել են, հողին հավասարեցվել ու ոչնչացվել: Եվ սա անցյալի և մշակութային ժառանգության ոչնչացում է, որն ուղղակիորեն առնչություն ունի արվեստագետների հետ՝ խաղի մեջ ներքաշելով նրանց դերը. արվեստի յուրաքանչյուր գործ, բացի անհատական լինելուց, նաև որոշակի մշակույթի, ավանդույթների, ժողովրդի արտահայտությունն է:
Տարիներ առաջ, երբ Կորնյատին և ես պնդում էինք, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել և դեռ շարունակվում է, դա ընդունվեց որպես փոխաբերություն, անգամ` չափազանցություն:
Սակայն վերջին ռազմաքաղաքական իրադարձությունները, ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրան հաջորդած պատերազմն ու ռազմական գործողությունների հետևանքները, ինչպես նաև ագրեսորների հայտարարությունները ցույց են տալիս, որ վերջիններս ամենևին չեն հրաժարվել հայ ժողովրդի բնաջնջման իրենց նպատակից և որ հարցն ավելի քան երբևէ ակտուալ է: Ցեղասպանությունը այժմ նորից շարունակվում է զենքի ուժով:
Հատկապես այս հարցն այսօր պահանջում է ազատամիտ մարդկանց և արվեստագետների վկայությունը, ջանքը, ընդվզումը: Ինչպես և ազատությունը, հանրային կյանքը նույնպես անսակարկելի բարիք է: Ոչ ոք չի կարող հանգիստ լինել և լռել, երբ փորձ է արվում բնաջնջել հազարամյա պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի և ոչնչացնել այնպիսի յուրօրինակ մի մշակույթ, ինչպիսին հայկականն է: Անընդունելի է այս ողբերգության հանդեպ անտարբերությունը:
Սա արվեստագետների, մտավորականների, այն բոլոր մարդկանց պարտքն է, որոնք գիտակցում են մտքի և զգացմունքների պատասխանատվությունը: Հարկավոր է խոսել, հարկավոր է ահազանգել, հարկավոր է ներկայացնել, որպեսզի ապագայում ոչ ոք չասի՝ «ես չգիտեի»:
Ուգո Վոլլին սեմիոտիկայի ոլորտում հեղինակավոր գիտնական է, ով դասախոսել է ամբողջ 15-ից ավելի հեղինակավոր համալսարաններում։
Նա եղել է տարբեր պետական և մասնավոր հաստատությունների խորհրդատու, ներառյալ՝ Միլանի և Բոլոնիայի քաղաքապետարանները: