Բանակ. ըստ իրավապաշտպանների, այս տարի գրանցված մահվան դեպքերը աչքի են ընկել «առանձնակի դաժանությամբ»

Բանակ. ըստ իրավապաշտպանների, այս տարի գրանցված մահվան դեպքերը աչքի են ընկել  «առանձնակի դաժանությամբ»
Բանակ. ըստ իրավապաշտպանների, այս տարի գրանցված մահվան դեպքերը աչքի են ընկել «առանձնակի դաժանությամբ»

Օգոսոտի 26-ին ԼՂՀ ՊՆ «Եղնիկներ» կոչվող զորամասում մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի հետ պատահածը հերթական անգամ մեծ աղմուկ է բարձրացրել թե հասարակության շրջանում, թե իրավապաշտպանների մոտ:
Բանակում զինվորների սպանության թեման նորից ցնցել է նաեւ սոցիալական ցանցերը. Facebook-ում նույնիսկ ստեղծվել է «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը, որին աջակցություն հայտնած քաղաքացիները պատրաստվում են վաղը ժամը 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել` բողոքի նշան բանակում տեղի ունեցող սպանությունների, եւ մասնավորապես Աղասի Աբրահամյանի սպանության:

Սոցիալական ցանցում արդեն 815 մարդ հաստատել է իր մասնակցությունը վաղվա ակցիային:

«Խնդիրը պետք է դրվի արդեն շատ լուրջ, պետք է պահանջվի Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, Գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի հարցը, անկախ նրանցից թե ով ինչպիսի քաղաքական կողմնորոշում ունի»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպման Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ 18-ամյա Աղասի Աբրահամյանը միակը չէ, ով կասկածելի պայմաններում սպանվել է բանակում. ընդամենը օրեր առաջ էլ` օգոստոսի 19-ին, Գորիսի զորամասում մահացել է Ճամբարակի բնակիչ 19-ամյա Վարդան Սեւյանը:

Արդեն իսկ տեղեկություններ կան, որ մահացածների մարմնների վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, որոնք վկայում են դիտավորյալ սպանության մասին, չնայած, որ պաշտոնապես առաջ են քաշվել այլ վարկածներ:

Մասնավորապես օգոստոսի 26-ին ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխված Աղասի Աբրահամյանի դեպքում, ով մեկ ժամ անց մահացել էր, նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր:

Նախաքննական մարմինը, չնայած այս ամենին, քրեական գործ էր հարուցել ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»: Դեպքից օրեր անց խոսել է նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`նշելով, որ «Աբրահամյանի դիակի դատաբժշկակական փորձաքննությունը ցույց է տվել, որ ինչ-որ ներգործություն է եղել արտաքին նրա վրա» եւ որ «ոչ մեկս դա չենք թաքցնում»:

«Բացահայտված է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են այս կամ այն չափով ձեւով ազդած, ծեծած լինեն այդ մեր զինվորին, եւ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է հիմա տարվում` եւ իրավապահ մեր կառույցների, եւ նաեւ զորամասի հրամանատարության ողջ ուժերն են ուղղված»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Գործով, ըստ Պաշտպանության նախարարության, արդեն իսկ ձերբակալվել է մեկ սպա և մեկ զինվոր:

Դեպքի կապակցությամբ կիրակի օրը Ղարաբաղ է մեկնել նաեւ ՀՀ Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ով հայտարարել է, թե «Ամեն ինչ արվում է «Եղնիկներ» զորամասում գրանցված դեպքը բացահայտելու համար»։

Խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին, Սեյրան Օհանյանը նաեւ նշել է, թե 2011 թվականի առաջին կիսամյակում ամենաքիչ կորուստներն են գրանցվել 2007 թվականից ի վեր:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, պնդում է` եթե վերցնենք «զուտ վիճակագրական տվյալները, ապա այս տարի իրոք ավելի քիչ մահվան դեպքեր են գրանցվել», սակայն, իրավապաշտպանի խոսքով, փոխարենը այս տարի գրանցված մահվան դեպքերը աչքի են ընկել իրենց «առանձնակի դաժանությամբ»:

Այդ դեպքերից են մասնավորապես մարտ ամսին գրանցված Գեւորգ Կոտինյանի սպանությունը, եւ նաեւ Աղասի Աբրահամյանի սպանությունը: Սաքունցը նաեւ նշեց, որ այս տարի բանակում գրանցված 19 մահվան դեպքերից զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է ընդամնեը 7 զինվոր, մնացած 12 զինվորները մահացել են խաղաղ պայմաններում:

«Թե այդ 7 դեպքերի, թե մյուս դեպքերիկ վերաբերյալ ՊՆ-ն պատշաճ քննություն չի իրականացրել, եւ չի իրազեկել հանրությանը քննության վերաբերյալ: Էլ չեմ խոսում այն մասին, որ խաղաղ պայմաններում սպանությունների դեպքերի վերաբերյալ քննություն իրականացնող մարմինն իր պահվածքով վստահություն չի ներշնչել, որ իրապես արդար քննություն է իրականացվում»,- ասում է իրավապաշտպանը:

Իրավապաշտպանը նաեւ հիշեցնում է, որ անցած տարվա վերաբերյալ իրենք իրենց զեկույցում գրանցել էին մահվան 44 դեպք, մինչդեռ ՊՆ-ն ԱՄՆ Պետքարտուղարությանը տեղեկացրել էր 54 դեպքի մասին, (որը հետագայում տեղ էր գտել ԱՄՄՆ Պետքարտուղարության զեկույցում), ինչը ըստ Սաքունցի նշանակում է, որ «ՊՆ-ն այդ 10 դեպքերի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել»:

«Հաճախ երբ մահացածների անուններն ենք հարցնում, չեն հրապարակում` ծառայողական գաղտնիք համարելով»,- ասում է Սաքունցը: Իրավապաշտպանը նաեւ իր զարմանքն է արտահայտում այն կապակցությամբ, որ նշյալ դեպքերի մասին իր տեսակետը չի արտահայտում Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

«Պահանջում եմ, որ նա արտահայտի իր տեսակետը»,- ասում է Սաքունցը:

Մեկ այլ իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ ասում է, թե չնայած ինքը դեռ չի զբաղվել այդ գործով, սակայն, ակնհայտ է, որ այս դեպքերի պատասխանատվությունը կրում են «բանակի գերագույն հրամանատարությունը»:

«Նրանք բանակի վիճակը ոչ միայն չեն բարեփոխում, այլեւ այդ վիճակը բանակում նրանց համար շատ հարմար է, որովհետեւ նրանք այդպես զինվորներին պահում են իրենց ձեռքում»,- ասում է Դանիելյանը:

Իրավապաշտպանը նաեւ հավելեց, որ իրենք հետեւելու են այս գործին, եւ անպայման սպանություններին անդրադառնալու են իրենց զեկույցում:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am