Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծի մասով արդյունավետ քննարկում է տեղի ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել օրենքը հանձնաժողովի ներկայացրած առաջարկության հիման վրա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջների թվում ավելացվել է դրույթ այն մասին, որ ծառայությունում չի կարող ծառայել այն քաղաքացին, ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝  Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու: